Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը քննարկում է Արաքսի հովտում նոր քաղաք կառուցելու նախագիծ
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը հրավիրել էր կլոր սեղան` քննարկելու ազատագրված տարածքներում Արաքսի հովտում (Կովսական քաղաքի մոտակայքում) նոր քաղաքի` Բագարան, շինարարության նախագիծը:
Քննարկման սկզբում համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նախ հիշեցրեց, որ դեռևս 2011 թ. նոյեմբերի 11-ին կայացել է համագումարի լիագումար նիստ, որի ընթացքում ընդունվել է հռչակագիր. «Հիմնվելով մեր միջազգային իրավունքի վրա` ցանկանում ենք վերականգնել մեր բնակարաններ մեր հայրենիքում»:
Նա ասաց, որ ունեն քաղաքի նախնական նախագիծ, բայց Հայկական տեխնոլոգիական ակադեմիան այն վերամշակելու ու տնտեսապես ամուր քաղաքի տեսք տալու պատրաստակամություն է հայտնել: «Հույս ունենք, որ մեզ կտան լիարժեք քաղաքի պատկեր ու ճշգրիտ նախագիծ»,- ասաց Մ. Ավագյանը:
Նա նշեց, որ իրենք Հայաստանի, ԼՂՀ-ի իշխանություններից որևէ գումար չեն պահանջում, քանի որ կան փախստականներ, որոնք պատրաստակամ են ֆինանսական միջոցներ տրամադրել: «Անհրաժեշտ է միայն քաղաքական կամք: Ուղղակի մեզ պետք է տարածք հատկացնեն` շինարարություն սկսելու համար»,- ընդգծեց համագումարի համակարգողը:
Մ. Ավագյանն ասաց, որ իրենք դիմել են և Հայաստանի, և ԼՂՀ-ի իշխանություններին. ոչ մերժում են ստացել, ոչ էլ համաձայնություն: Նա տեղեկացրեց, որ իրենք այս քննարկման արդյունքները նույնպես կներկայացնեն ԼՂՀ իշխանություններին:
Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի մասնագետները ներկայացրեցին, թե ինչպիսին պետք է լինի քաղաքը, նախատեսված է զարգացնել հիմնականում թեթև արդյունաբերությունը: Նախագծի իրականացման համար 500 հեկտար տարածք է պետք: Քաղաքում կարող է բնակվել 5000 մարդ: