ԼՂ հարցում Իրանի միջնորդական առաքելությունն ու Շուշիի ազատագրումը. իրանագետի դիտարկումները
Իրանն առաջին երկիրն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հանդես է եկել միջնորդական առաքելությամբ: 1992թ. մայիսի 6-ին Իրանի նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով Թեհրան է ժամանում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը, ի թիվս այլ հարցերի, բանակցում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիի` Երևան կատարած այցից որոշ ժամանակ անց փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին ժամանում է Ադրբեջան և Հայաստան, որտեղ նա փորձում էր կողմերին համոզել զինադադար հաստատելու հարցում համաձայնության գալ:
1992թ.մայիսի 8-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը, ինչպես նաև միջնորդ երկրի` Իրանի, նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին ԼՂ հակամարտության կարգավորման մասին ստորագրում են համատեղ հայտարարություն, համաձայն որի` Մահմուդ Վայեզին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան` Բաքու, Երևան և Ստեփանակերտ, զինադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար:
Մայիսի 8-ին այդ նույն հայտարարության ստորագրման օրը հայկական զինուժի կողմից ազատագրվեց Շուշին, որից հետո էլ ընդհատվեց Իրանի միջնորդական առաքելությունը:
Թեև Շուշիի ազատագրմամբ՝ խափանվեց Իրանի միջնորդական առաքելությունը, սակայն անցնող տարիների ընթացքում Իրանը, լինելով Իսլամական համագործակցության կազմակերպության ազդեցիկ անդամ, ԼՂ հակամարտության նկատմամբ վարել և վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչն էլ մի շարք իսլամական երկրների համար նախադեպ է ստեղծում, որպեսզի չենթարկվեն Ադրբեջանի՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգավորում տալու սադրանքներին և ԼՂ հակամարտության նկատմամբ չեզոք դիրքորոշում ունենան:
Իրանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արդյունավետ չի գործում, ուստի վերջին շրջանում պաշտոնական Թեհրանը հակամարտող կողմերին կրկին առաջարկում է իր միջնորդական առաքելությունը:
Թեև Ադրբեջանը արցախյան պատերազմում կրած պարտության համար Իրանին մեղադրում է Հայաստանին աջակցելու մեջ, սակայն փաստն այն է, որ ինչպես իրանցի պաշտոնյաներն են խոստովանում , պատերազմական գործողությունների ժամանակ Իրանն Ադրբեջանին բավականաչափ ռազմական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:
Չնայած Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը, Մեջլիսի որոշ պատգամավորներ, ինչպես նաև որոշ հոգևորականներ երբեմն հանդես են գալիս ԼՂ հարցում Թեհրանի պաշտոնական դիրքորոշմանը հակասող հայտարարություններով, այդուհանդերձ Իրանի Իսլամական Հանրապետությունը նախագահի, արտգործնախարարի մակարդակով հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք լուծվի բանակցությունների ճանապարհով, տարածաշրջանային երկրների մասնակցությամբ՝ միջազգային հիմնարար սկզբունքների հիման վրա:
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան