Սերժ Սարգսյանի խոսքը` կառավարության նիստում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նոր կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, շնորհավորել նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ, ընդգծելով, որ այդ հաջողություններով շատ բան է պայմանավորված լինելու առաջիկայում, շատ ավելին, քան առաջին հայացքից կարող է երևալ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը նոր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիդ կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք անցանք երեք խոշոր ընտրական գործընթացների միջով: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք մեր երկրի քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն արդեն իսկ իրեն դրսևորել է որպես ուժեղ և գործուն քաղաքական մարմին: Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ունեցանք քաղաքական նոր մշակույթ, իսկ մի քանի օր առաջ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրնիբուն աշխատում են, ամեն օր մի բան են փոխում և պրակտիկ, կոնկրետ աշխատանքը գերադասում են շոուներից:
Յուրաքանչյուր ընտրություն և հատկապես համապետական ընտրությունները փորձություն են մեր երկրի և մեր երիտասարդ ժողովրդավարության համար: Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ և դուրս եկանք որպես պետություն և հասարակություն ավելի ամրացած: Այժմ մեզ սպասում է 2008 թվականից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածը՝ ամբողջովին նվիրվելու մեր աշխատանքին, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու:
Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ որոշակի արդյունքներով:
Անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: Բայց այսուհետ մենք ձեր գործունեությունից ակնկալելու ենք որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ: Հարցնելու ենք ոչ թե՝ ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտոր ի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, այլ տարբեր գործիքների օգտագործմամբ նաև պետական հատվածում աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը նպաստելն է, ուռճացված պետական համակարգի օպտիմալացումն է, չափելին մարդկանց կոնկրետ սոցիալական խնդիրների լուծումն է:
Մենք շատ ու շատ խնդիրներ ունենք, հարգելի՛ գործընկերներ, և այդ խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների մասին մենք հնարավորություն կունենանք տեսանելի ապագայում խոսելու՝ խոսելու ենք փոքր-ինչ ավելի ընդլայնված կազմով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում և խնդրում եմ հստակորեն գիտակցել, որ ձեր հաջողությունից շատ ու շատ բան է կախված, միգուցե նույնիսկ առաջին հայացքից անտեսանելի, բայց, իրոք, շատ բան է կախված: Ես վստահ եմ, որ ոչ միայն կառավարության անդամները, այլ նաև մեր բոլոր գերատեսչությունների աշխատողները պատասխանատվության մեծ զգացումով կաշխատեն:
Մեկ անգամ ևս բոլորիդ շնորհավորում և հաջողություն եմ մաղթում»:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից նաև հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ շնորհավորանքի համար և հավաստիացնել, որ կառավարությունը քաջ գիտակցում է, որ և՛ Նախագահի, և՛ մեր քաղաքացիների սպասումները բավականին բարձր են: Կառավարությունը, վարչապետի խոսքով, ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի և՛ Հանրապետության Նախագահի, և՛ մեր քաղաքացիների սպասումները, որպեսզի կառավարության գործունեության արդյունքները լինեն շոշափելի և տեսանելի յուրաքանչյուր քաղաքացու համար: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը դրա համար ջանք չի խնայի և նվիրումով կաշխատի հանուն այդ նպատակների:
Նախորդող հրապարակում`
Սերժ Սարգսյան. «Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են և արդյունավետ աշխատելու համար որևէ խոչընդոտ չեմ տեսնում»