«Save The Children». Հայաստանը մայրության համար բարենպաստ երկրներից 95-րդն է
Երեխաների պաշտպանության «Save The Children» միջազգային բարեգործական կազմակերպությունը հրապարակել է զեկույց` մայրության համար բարենպաստ երկրների վարկանշային աղյուսակով: Ինչպես նշված է կազմակերպության պաշտոնական կայքում` վարկանշային ցուցակի կազման ժամանակ հաշվի են առել մի քանի գործոններ. ծննդաբերության ժամանակ մայրերի մահացության մակարդակը, մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշները, մայրերի կրթվածության մակարդակը, 1 անձի համար ԱԱՀ չափը, կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին: Հետազոտություններն իրականացվում էին 2010 թվականից` 2013-ի սկզբները: Վարկանշային ցուցակում նշված չեն 100 հազարից պակաս բնակչություն ունեցող և փակ տեղեկատվություն ունեցող երկրները:
176 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 95-րդ տեղը, տարածաշրջանային երկրներից զիջելով Ռուսաստանին (59-րդ տեղ), Թուրքիային (60-րդ տեղ), Իրանին (85-րդ տեղ) և Վրաստանին (94-րդ տեղ):
Ըստ զեկույցի` մայրության համար ամենաանվտանգ երկիրը Ֆինլանդիան է, ամենավտանգավորը՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը: Առաջին տասնյակում են նաև Իսլանդիան, Նիդեռլանդները, Դանիան, Իսպանիան, Բելգիան, Գերմանիան և Ավստրալիան: Իսրայելը վարկանիշում 25-րդն է, ԱՄՆ-ն` 30-րդը:
Նշվում է, որ ամեն տարի ավելի քան 40 մլն կին ծննդաբերում է տանը՝ առանց բժշկական օգնություն ստանալու: Աշխարհում ամեն տարի մահանում է ավելի քան 3 մլն երեխա: Մոտ 1 մլն մարդ մահանում է կյանքի առաջին օրը:
Կյանքի առաջին օրը նորածինների մահացության ամենացածր ցուցիչը Կիպրոսում, Էստոնիայում, Իսլանդիայում, Լյուքսեմբուրգում և Սինգապուրում է՝ հազար երեխային 0,5 դեպք, իսկ ամենաբարձրը Սոմալիում՝ հազար երեխային 18 դեպք: Հայաստանում հազար նորածնից առաջին օրը մահանում է 4-ը, Վրաստանում` 4-ը և Ադրբեջանում՝ 7-ը:
Ըստ «Save The Children» կազմակերպության` ընդհանուր առմամբ մայրության հետ կապված իրավիճակն աշխարհում վերջին 20 տարիների ընթացքում էապես լավացել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Մասնավորապես` կրճատվել է մանկական մահացության մակարդակը: Եվ եթե 1990 թվականին ամեն տարի մահանում էր մինչև 5 տարեկան տարիքային խմբում շուրջ 12 միլիոն երեխա, ապա այդ ցուցանիշը կրճատվել է կրկնակի` իջնելով մինչև 7 միլիոն: 2012 թվականի տվյալներով` մահացել է շուրջ 1 միլիոն նորածին: