Նախարարի կարգավիճակ՝ Կառավարության աշխատակազմի ղեկավարին
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվեց նախարարի կարգավիճակ: Այս լիազորությունը նախատեսող համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարութայն այսօրվա նիստում:
Ինչպես նշեց վարչապետ Տիգրան Սարգսյան, այդ որոշմամբ Կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Վաչե Գաբրիելյանի վրա դրված աշխատանքային ծանրությունն ավելանալու է, մասնավորապես, նա նաև կոորդինացնելու է կրթության, առողջապահության և կառավարման համակարգի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: «Սա բխում է նաև այն գաղափարախոսությունից, որ ՀՀ նախագահը մի քանի անգամ հնչեցրել է. նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետերի պաշտոնները»,- ընդգծեց վարչապետը:
Նշենք, որ Վաչե Գաբրիելյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Դավիթ Սարգսյանին, իսկ վերջինս այսուհետ կղեկավարի ՀՀ ֆինանսների նախարարությունը: