Վ.Օսկանյան. Օսկանյանը, Արսենյանն ու Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից
ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, ով Երևանի ավագանու ընտրություններում գլխավորում էր ԲՀԿ ընտրական ցուցակը, «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց է տվել, որում կասկած է հայտնել ընտրությունների արդարության առումով: Նրա խոսքով` կատարվածի համար ամաչել է պետք.
«Ինչպե՞ս բացատրեմ ես, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը չեն անցել։ Գուցե անցել են՝ չգիտենք։ Արդյունքը լավ է, թե վատ՝ ինչպե՞ս իմանամ ես, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է այդ օրը։ ՀՀԿ-ն հաղթե՞լ է, ի՞նչ իմանանք՝ հաղթել է։ Իրոք, այնպիսի բաներ է եղել այդ օրը, որ ասես, որ այդ արդյունքները իրոք ժողովրդական համակրանքի, հակակրանքի արդյունք են, սխալ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ ասել՝ ամաչելու բան է։ Ովքե՞ր էին այդ մարդիկ ընտրատեղամասերում, այդ երթուղայինները մարդիկ են բերում, ծերերին ուղղորդում են, հաշվելու ժամանակ ասվում է (մարդիկ պատմում են՝ ներկա են եղել)՝ գունավոր գրիչներով նշվածները, եւ բոլորը ՀՀԿ»։
Ըստ աղբյուրի` մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չունի, բայց հստակ է, որ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։
Վ.Օսկանյանը նաև նշել է, որ «ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ»։
«Իհարկե, զուտ քաղաքական տեսանկյունից կարելի է մտածել, որ միգուցե պետք չէ վերցնել, բայց վերջիվերջո ժողովրդի շահերից ելնելով կարելի է մտածել, որ միգուցե այնտեղ լինելով կարելի է շարունակել այդ խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, ճնշում դնել մեծամասնության վրա, ժողովրդի հետ հաղորդակցվել»:
Ինչ վերաբերում է նրան, թե ըստ լրատվամիջոցների ԲՀԿ-ն ընտրությունների օրը կաշառք բաժանելու առումով Հանրապետականից հետ չի մնացել, Վ.Օսկանյանն ասել է, որ չի լսել նման բան.
«Ես միգուցե կտրված եմ եղել, չեմ կարողացել։ Ես որ չգիտեմ ինչ է եղել։ Եթե եղել է, դա հավասարապես դատապարտելի է»,-հավելել է նա: