ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների առնչությամբ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ դեսպան Էյլին Չեմբերլին Դոնահյուն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ մտահոգություն է հայտնել: Այս մասին տեղեկացնում է "The voice of America” կայքը:
Կայքը հիշեցնում է, որ ապրիլի 30-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը քննարկել է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում: «Մենք խիստ անհանգստացած ենք, որ Ադրբեջանում որոշ լրագրողներ և ակտիվիստներ դեռևս ազատազրկման մեջ են գտնվում: Մեզ անհանգստացնում է այն, որ մարդկանց ազատությունները սահմանափակելու գործում երկրի իշխանություններն օգտագործում են դատական համակարգը» -ասել է դեսպանը:
Դեսպան Դոնահյուն անհանգստություն է հայտնել նաև Ադրբեջանում ազատ հավաքներ իրականացնելու Ադրբեջանի կողմից անհիմն սահմանափակումների, ոչ կառավարական կազմակերպությունների պետական գրանցման գործում առկա խնդիրների առնչությամբ: Դեսպան Դոնահյուն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել ազատ կարծիք արտահայտելու համար ձերբակալված լրագրողներին և հասարակական ակտիվիստներին, թույլատրել խաղաղ ցույցեր կազմակերպել Բաքվի կենտրոնում, ինչպես նաև Ադրբեջանի ողջ տարածքում, քաղաքացիական հասարակության զարգացման համար օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու նպատակով համատեղ աշխատանքներ տանել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: