Փաստաբանի դիմումով Արդարադատության խորհուրդը պատասխանատվության է ենթարկել դատավորին
ՀՀ արդարադատության խորհուրդը ընկերության փաստաբանի դիմումի հիման վրա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ կիրառել է կարգապահական տույժ՝ հայտարարելով նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Այս մասին տեղեկացնում է AM իրավաբանական ընկերությունը:
«Դատավոր Բարսեղյանի վարույթում գտնվող գործով AM ընկերութան հաճախորդի շահերից ելնելով փաստաբանը Դատարանին միջնորդել է գործում առկա երեք պայմանագրերից մեկի մասով հայցը թողնել առանց քննության, քանի որ ըստ այդ պայմանագրի, կողմերը համաձայնվել են իրենց միջև ծագող բոլոր վեճերը հանձնել արբիտրաժային դատարանի լուծմանը: Իսկ Դատարանը փոխարենը միայն մեկ պայմանագրի մասով հայցը թողներ առանց քննության, այլ ամբողջությամբ` ներառյալ գործի քննության առարկա մյուս երկու պայմանագրերից բխող վեճը: Իր այդ որոշմամբ դատավորը կամայականորեն և օրենքի ակնհայտ խախտմամբ զրկել էր AM ընկերութան հաճախորդին իր իրավունքները դատական կարգով վերականգնելու հնարավորությունից: Այս ամենը ՀՀ Արդարադատության խորհուրդը արդարացիորեն գնահատել է դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում»,-պատճառների մասին մանրամասնում են ընկերությունից: