Շնորհավորում են երևանցիները. «Շուշիի ազատագրումը բոլորիս մոտ հույսի նշույլ ավելացրեց, որ մենք չենք կոտրվել»
«Մեր պատմության ընթացքում մենք շատ ենք ունեցել հաղթանակներ՝ փառահեղ հաղթանակներ: Սակայն Շուշիի ազատագրումը առանձնակի տոն է ինձ համար: Միգուցե որ հենց մեր ժամանակներում է դա տեղի ունեցել, «մոտիկից» զգացել ենք այդ հաղթանակի բերկրանքը: Իհարկե, այսօր կրկնակի տոն է մեզ համար. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի կերտման գործում էլ մենք ունենք մեր ներդրում: Վառ ապացույցը՝ Բեռլինի պարիսպների տակ հայ զինվորների քոչարին»,- Panorama.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց հաղթանկի տոնի առիթով, ապա նման դիտարկումներ արեց երևանցի Վարդգես Սիմոնյանը:
Քաղաքացի Աստղիկն էլ հայ ազգին «հզոր» որակումը տվեց. «Դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, տարիներ շարունակ եղել ենք խորհրդային միության կազմում, էլի ոչ անկախ: Բայց մեր սեփական պետությունն ունենալու, մեր ազգի գոյատևման հետագա ընթացքն ապահովելու, հաղթելու համար մշտապես պատրաստ ենք եղել արյունը թափել: Այդպես եղավ նաև ղարաբաղյան պատերազմում: Շուշիի ազատագրումը բոլորիս մոտ հույսի նշույլ ավելացրեց, որ մենք չենք կոտրվել: Մենք այդ տեսակին չենք պատկանում»:
Երևանցիները հպարտությամբ էին նշում այն մարդկանց անունները, որոնք մասնակցել են ինչպես Համաշխարհային Երկրորդ պատերազմին, այնպես էլ Շուշիի ազատագրմանը, միաժամանակ ցավով նշում ռազմի դաշտում ընկածների անունները: Նրանք իրենց շնորհակալություն էին հայտնում նրանց՝ բոլորին: «Մեզանից շատերի հայրերը, պապերը ֆրոնտում եղել են: Ոմանք վերադարձել են, ոմանք ոչ: Մենք շատ լավ տղաներ կորցրեցինք արցախյան պատերազմի տարիների: Շատերը երիտասարդներ էին, չամուսնացած, բուհական լսարանները լքած ու հանուն հայրենիքի պատերազմ մեկնած: Ցավալի է: Մենք պետք է նրանց անունները միշտ վառ պահենք, պատմենք մեր երեխաներին, թոռներին, թե ինչպիսի հերոսներ ենք ունեցել»,- ասաց երևանցի Գարեգին Դավթյանը: Նրա հետ էր 5-ամյա թոռնիկը, ով ասաց, որ իրենք գնում ենք Հաղթանակի զբոսայգի, որովհետև «էսօր մեր զինվորների տոնն է… էէէէէ…. Հաղթանակի»:
Հաղթանակած մայիս... Շատերն էին ոգևորված կրկնում այս երկու բառերը: Շատերն էին ոգևորված նկարագրում, թե ինչպես է ազատագրվել Շուշին (լսել են անձամբ այդ օպերացիայի մասնակիցներից, կարդացել են գրքերում): Երևանցիները նաև ցանկանում են, որ այլևս ոչ մի հայ «ստիպված չլինի ընկնել թշնամու գնդակից»:
«Ցնծացեք, նախնիներ, Շուշին ազատագրվեց»,- Շուշիի ազատագրումից հետո հայկական գերեզմանոցում շամպայն է լցրել հին գերեզմանաքարերին ու այս բառերն ասել արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները