Իմ խնդիրն է բժշկել մարդկանց. Ոստիկանապետը` պատգամավորների մասին
Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ կարճատև ճեպազրույցում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությանը և նկատել, որ Ներսես Նազարյանի անունով որևէ բիզնես գրանցված չէ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե նորմա՞լ է, որ Ներսես Նազարյանի որդին զբաղվում է բիզնեսով, Գասպարյանը պատասխանեց. «Եթե նորմալ լիներ, ես այդ որոշումը չէի կայացնի»:
Ինչ վերաբերում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկությանը, ոստիկանապետն ասաց, որ նրան առաջընթաց է սպասվում և այդ պատճառով էլ ինքը դրան դեմ չի գնացել:
Հարցին, թե է ոստիկանապետը հնարավո՞ր է հրապարակի այն պատգամավորների անունները, ովքեր Գյումրու դեպքից հետո զանգել են իր տեղակալին և որի հետ կապված նա արդեն թևավոր դարձած միտք էր արտահայտել` «դուք գողական եք, թե պատգամավոր, արա», Գասպարյանն ասաց. «Դա իմ իրավունքն է, և ես գտնում եմ, որ իմ նպատակը ոչ թե անձանց փչացնելն ա, ինչպես ընդունված է այդ բառը օգտագործել, այլ իմ խնդիրն է բժշկել: Ես կարծում եմ, որ երբ որ բարձրացվեց այդ հարցը, երկար ժամանակ բուժվեց այդ հարցը, և ոչ միայն պատգամավորները, այլև շատ պաշտոնատար անձինք կմտածեն` մինչև այդ ոստիկանություն զանգելու համար: Նրանք շատ ավելի լավ են հասկացել իմ ասածը»:
Նշենք, որ ավելի վաղ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի միջոցով Վլադիմիր Գասպարյանին փոխանցել էր, որ հրչապարակի այն «գողական» պատգամավորների անունները, որոնք զանգի միջոցով փորձել են հարցեր լուծել: «Եթե կա «արա» ու գողական Ազգային ժողովում, ապա ոստիկանապետը թող բարի լինի, այդ անունները հրապարակի, որպեսզի բոլորին ամեն ինչ պարզ լինի», -փոխանցել էր Փաշինյանը:
Նախորդող հրապարակում. Փաշինյանը ոստիկանապետին փոխանցել է, որ ինքը նույնպիսի «արա»-ով պատասխան կտա նրան