Ընդդիմության պարտության պատճառը սխալ քաղաքականությունն էր
Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին` «Голос Армении»-ն գրում է. «Այն հույսերը, որ պարտված քաղաքական ուժերը քաղաքակիրթ ձևով կընդունեն իրենց պարտությունն ու կշնորհավորեն հաղթած կուսակցությանը, այս անգամ էլ չարդարացան: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը սեփական պարտությունն իրենց վարած սխալ քաղաքականության մեջ փնտրելու փոխարեն հերթական անգամ նախընտրեցին խոսել ընտրակաշառքների և երկրում ընտրական մեխանիզմի արատավորության մասին»: Թերթը հիշեցնում է, որ այսօր ընտրական մեխանիզմի դեմ բողոքող ԲՀԿ-ն 2011թ-ին կողմ է քվեարկել այսօր գործող ընտրական օրենսգրքի նախագծին. իսկ այն ժամանակ ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր: «Ամենից տգեղ և ագրեսիվ արձագանքը տվեց ՀԱԿ-ը»,-գրում է «ГА»-ն:
«Իրեն միակ և ազնվագույն ընդդիմություն հռչակած այս ուժը շտապեց հայտարարել, թե իրենց պարտության պատճառը ժողովրդի ծախվածությունն էր, սակայն պարոնայք ՀԱԿ-ականները մոռանում են, որ 4 տարի իրենք Երևանի ավագանու անդամ էին և այդ 4 տարվա ընթացքում իրենք նույնիսկ չեն բարեհաճել մասնակցել ավագանու աշխատանքներին: Այս անգամ նույնիսկ ընդդիմադիր ընտրազանգվածի ներկայացուցիչները չցանկացան իրենց ձայնը տալ բացառապես սեփական կամակորություններով առաջնորդվող քաղաքական ուժին»,-գրում է թերթը: