Վթարի ենթարկված զինծառայողի դեմքին կան ջնջխված վերքեր, ստացել է կոտրվածքներ
Այս պահին Գորիսի բժշկական կենտրոնում մեծ թվով զինվորականներ են հավաքվել և հնարավոր է երեկ խոշոր վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված զինծառայող Բ. Մանուչարյանը տեղափոխվի Երևանի զինվորական հոսպիտալ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գորիսի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լևոն Հարությունյանը:
«Զինծառայողը վթարի հետևանքով փակ գանգուղեղային վնասվածք է ստացել, դեմքին կան բազմաթիվ կտրած, ջնջխված վերքեր, կողոսկրերն են ջարդված և նախաբազկի կոտրվածք է ստացել: Բայց փառք Աստծո, վիճակը ծանր չէ, մեր վիրաբուժական բաժանմունքի վարիչը հույս է տալիս, որ կվերականգնվի», -մեզ հետ զրույցում ասաց Գորիսի ԲԿ-ի փոխտնօրենը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ երեկ, դեռևս չբացահայտված հանգամանքներում Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գորիս քաղաքի բժշկական կենտրոն էր հոսպիտալացվել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, ենթասպա, 43-ամյա Բ. Մանուչարյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Սակայն նրա ընկերը վթարի հետևանքով մահացել էր. հրշեջ-փրկարարները ձորից դուրս էին բերել ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, կապիտան` 49-ամյա Վ. Մարգարյանի դին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները