Շահրամանյան.«Հայաստանում տղամարդիկ սեքսապաթոլոգին ավելի հաճախ դիմում են պոտենցիայի, իսկ կանայք՝ օրգազմի խնդիրներով» (Տեսանյութ)
Եթե տարիներ առաջ սեռական խնդիրներ լինելու դեպքում սեքսապաթոլոգին բավականին քիչ էին դիմում, ապա այսօր դիմելիությունը համեմատաբար ավելացել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում մարդիկ սկսեցին հասկանալ, որ սեքսապաթոլոգը մարդու սեքսուալ առողջության բժիշկն է, որը բուժում և կանխարգելում է սեքսուալ խանգարումները:
Բացի այդ, ըստ նրա, վերջին շրջանում մասնագետներին սկսել են ավելի շատ դիմել ամուսնական զույգերը: «Եթե նախկինում նկատում էինք, որ հիմնականում դիմում էին տղամարդիկ, թեև հիմա էլ այդ միտումը կա, սակայն ողջունելի է այն հանգամանքը, որ ամուսնական զույգերն էլ են սկսել մեզ դիմել»,- ասաց Վ.Շահրամանյանը:
Սեքսապաթոլոգը նշեց, որ տղամարդիկ ավելի հաճախ մասնագետներին դիմում եմ պոտենցիայի հետ կապված խնդիրներով, երկրորդ տեղում են սեռական ակտի տևողության հետ կապված խնդիրները: «Վերջին ժամանակաշրջանում նկատվել է, որ սեռական անկարողության և ակտի տևողության հետ կապված դիմողները հավասարաչափ են»,- ասաց Վ.Շահրամանյանը:
Ըստ նրա՝ սեռական անկարողության պատճառները շատ են` և´ հոգեբանական, և´ ֆիզիոլոգիական, այստեղ դերակատարություն ունեն նաև սեռավարակները, ներանձնային խնդիրները, հորմոնային խանգարումները: Բժիշկի խոսքերով՝ խնդիրներ ունեցողները որքան վաղ դիմեն բժշկին, այնքան ավելի հեշտ կլինի բուժումը: Նա նաև նկատեց, որ սեռական անկարողության համար կարևոր նշանակություն ունի նաև առողջ ապրելակերպը: «Օրգանիզմի ամենազգայուն համակարգերից մեկը սեռական համակարգն է, և ծխելը շառաչուն ապտակ է հասցնում թե տղամարդու, թե կնոջ սեռական առողջությանը: Ծխելը նաև բացասական ազդեցություն է ունենում վերարտադրողական համակարգի վրա: Անպտղությամբ տառապող տղամարդիկ, որոնց թիվը Հայաստանում քիչ չէ, նույնպես այդ խնդիրն ունեն: Մարդիկ պետք է հասկանան, որ միայն դեղորայքով չէ, որ պետք է բուժվել, այլ պետք է փոխել կենսակերպը, սննդակարգը, պետք է ավելի շատ շարժվել»,- ասաց նա:
Վ.Շահրամանյանը նշեց, որ մասնագետներին դիմում են նաև սեռական ցանկության նվազման պատճառով: Եթե նախկինում սեռական անկարողության խնդիրներով ավելի շատ դիմում էին ավագ սերնդի ներկայացուցիչները, ապա այժմ քիչ չեն նաև երիտասարդները:
Նա հայտնեց, որ իրենց կլինիկա դիմողների 25 %-ը կանայք են, 25%-ը` ամուսնական զույգեր, 50%-ը` տղամարդիկ: Ըստ Վ.Շահրամանյանի՝ կանանց 50%-ն իրենց դիմում է օրգազմի բացակայության հետ կապված խնդրով: Խնդիրները բազմաթիվ են՝ սխալ սեռական դաստիարակություն, հորմոնոլ խանգարումներ և այլն: Նշվեց նաև, որ կնոջ սեռականությունը հոգեբանական բնույթի է, իսկ տղամարդունը` ֆիզիոլոգիական:
«Կանայք դիմում են նաև վագինիզմի դեպքերով: Դա հոգեբանական խանգարում է, վախ է կնոջ մոտ, որը առաջանում է սեռական հարաբերության ժամանակ, ինչը անհնարին է դարձնում սեռական ակտը: Մենք ունեցել ենք զույգեր, որ տարիներ շարունակ ապրել են կուսական ամուսնությամբ և պատճառը եղել է վագինիզմը: Մինչդեռ դրա բուժման համար դիմել են բոլորին, բացի բժիշկներից: Դիմել են հեքիմներին, վախ չափողներին, բախտագուշակներին և վերջին կանգառը նոր եղել են բժիկները»,- ասաց Վ.Շահրամանյանը: Նա նշեց, որ կանայք նաև իրենց դիմում են սեռական ցանկության բացակայության, սեռական հարաբերության ժամանակ հակառակ սեռի նկատմամբ զզվանքի, հակակրանքի պատճառներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները