Մայիսի վերջին կիրակին կհամախմբի բոլոր երիտասարդներին (Տեսանյութ)
Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Ճանաչիր Երևանը». երիտասարդական, սպորտային ծրագիր» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն էին նախագծի կազմակերպիչներ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը և «Հայասա» ԵՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը:
Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց, որ «Ճանաչիր Երևանն» ունի մի քանի նպատակ։ Նախ՝ կազմակերպիչները ցանկանում են ապացուցել, որ հեծանիվներով հնարավոր է անցնել Երևանի մի կետից մյուսը, և քաղաքի ռելիեֆը դրա հնարավորությունը տալիս է։
«Հիմնադրամը գործում է շուրջ 3 տարի, և մենք աշխատում ենք բոլոր նրանց հետ, ովքեր ներկայացնում են թարմ գաղափարներ և պատրաստակամություն` իրենց գաղափարները կյանքի կոչելու:
Մեզ դիմել են հասարակական 2 կազմակերպություններ, ներկայացրել են հետաքրքիր ծրագիր, որը ներառում էր հեծանվավազք մարզաձևը: Նախկինում ունենալով նման փորձ` մենք վստահ էինք, որ այն կարժանանա երիտասարդության ուշադրությունը: Առանց երկար մտածելու որոշեցինք աջակցել և ողջ ֆինանսավորումը վերցրեցինք մեզ վրա: Այնպես որ, մայիսի վերջին կիրակի օրը կունենանք հետաքրքիր ծրագիր, որը կներգրավի բազմաթիվ երիտասարդների: Հուսանք` սա կլինի առողջ ապրելակերպի ձևավորման առաջընթաց քայլ»,- նշեց Պողոսյանը:
Ծրագրի ղեկավարը նաև ավելացրեց, որ այս նախաձեռնությունը կմեծացնի հետաքրքրությունը հեծանվային սպորտի նկատմամբ, բացի այդ, հեծանիվն ավելի շատ կօգտագործվի առօրյայում` որպես փոխադրամիջոց։ Հեծանվավազքի հաջորդ կարևորագույն բաղադրիչը երիտասարդության համախմբումն է։
Պատասխանելով ՀԵՀ-ի ծրագրերի մասին լրագրողների հարցին՝ Արուսյակ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը մշտապես հանդես է գալիս բազմաբնույթ երիտասարդական նախաձեռնություններով։ Մասնավորապես` առաջիկա ամենամեծ ծրագրերից է օգոստոսին մեկնարկելիք ավանդական «Բազե» հավաքը: Նա նաև առանձնացրեց արդեն երրորդ տարին կազմակերպվող կրթաթոշակի տրամադրման մրցույթը, որի շրջանակներում արդեն իսկ փոխհատուցվել է ավելի քան 2000 ուսանողի ուսման վարձ։ Այս տարի ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի են արժանացել նաև Հայաստանում ուսանող 111 սիրիահայ երիտասարդներ։
«Հայասա» երիտասարդական ՀԿ նախագահ Սուրեն Մկրտչյանը, անդրադառնալով «Ճանաչիր Երևանը» խորագրով մրցույթին, նշեց, որ հեծանվավազքին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 300 երիտասարդ՝ հասարակական կազմակերպություններից, ուսանողական խորհուրդներից, երիտասարդական խմբերից։ Նրանք մրցույթին կմասնակցեն 5 հոգանոց թիմերով: Յուրաքանչյուր խումբ կանցնի Երևան քաղաքի հինգ վայրերով (արձան, այգի, հայտնի պողոտա, պետական շենք, համեմատաբար անհայտ փողոց), որոնց գտնվելու վայրերը թիմի անդամները պետք է վերծանեն հանելուկների միջոցով:
«Ոչ առևտրային 5 կազմակերպություններ ներկայացրել են հեծանվորդների թիմեր, որոնք նախագծի ընթացքում կստանան Երևան քաղաքի 5 վայրեր` հանելուկի տեսքով: Պիտի գուշակեն այդ վայրերը, հասնեն այնտեղ, լուսանկարվեն, և առաջինը սպորտային վայր` «Play Sity» հասնող թիմը կդառնա հաղթող: Այնուհետև տեղի կունենա թիմի ղեկավարների միջև 1 կմ-անոց մրցավազք, որում ևս կլինեն անվանակարգեր: Մայիսի 26-ին, երեկոյան ժամը 20.00-ից սկսած` կընդունենք բոլոր երիտասարդներին և կանցկացնենք շատ լավ ժամանակ»,- նշեց Մկրտչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում