Գյուղացին նորից կոտրած տաշտակի առջև է. Ինչի՞ համար են հակակարկտային կայանները
Մինչ Արմավիրի ու Արագածոտնի մարզերի բնակիչները, անելիքը չիմանալով, դուրս են եկել բողոքի, նախարարություններում ուզում են պարզել կարկուտի հասցրած վնասներն ու գտնել մեղավորներին:
Չնայած «Հայհիդրոմետ» ծառայությունը օրեր շարունակ զգուշացնում էր առանձին վայրերում կարկուտի հավանականության մասին, սակայն ԱԻՆ-ը երեկ հայտարարեց, որ Արագածոտնի և Արմավիրի բազմաթիվ գյուղերում կարկուտը վնասներ է պատճառել:
Սա խիստ բարկացրել է Արմավիրի բնակիչներին: «ԱԼՏ» հեռուստաընկերության հաղորդմամբ, Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի բնակիչներ փակել են Արմավիր-Մարգարա ճանապարհը և պահանջում են կարկուտի հասցրած վնասների արագ փոխհատուցում, ինչպես նաև` գյուղնախարարի հետ հանդիպում:
«Մրգաշատցիները փակել են Երևան Արմավիր մայրուղին: Ալաշկերտցիները` Արմավիր-Մարգարա հանրապետական նշանակության ճանապարհը: Հայկավանցիները փակել են միջհամայնքային նշանակության ճանապարհը, իսկ արմավիրցիները` Արմավիր միջհամայնքային նշանակության ճանապարհը: Գյուղատնտեսության նախարարը կարկուտից տուժած գյուղերի ղեկավարների և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ Արմավիրի մարզպետարանում քննարկում է հետագա անելիքը: Սերգո Կարապետյանը խորհուրդ է տվել գյուղացիներին խաղողի այգիների խոր էտում կատարել, իսկ պտղի և բանջարաբոստանային կուլտուրաների վերականգնման մասին լռում է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ գյուղացիներից երկու օր ժամանակ է խնդրել` վնասներն ուսումնասիրելու և կառավարությունում հարցը բարձրացնելու համար»,-տեղեկացնում է հեռուստաընկերությունը:
Տեղի ունեցածին արձագանքում են նաև սոցցանցերում: Ֆեյսբուքայն օգտատերերից մեկը կարծիք է հայտնել. «Հնաբնակներն ասում են, որ սովետի ժամանակ չեն հիշում մի դեպք, որ կարկուտը բերքը վնասեր։ Էդ անտեր հակակարկտային կայանները աշխատեցնելը բարձրագույն մաթեմատիկա չի, որ գյուղնախարարի խելքը չկտրի դրանից. ստեղ պարզագույն հաշվարկ ա. սնանկացնել գյուղացուն և գցել բանկերի ու վաշխառուների դուռը»:
Գյուղնախարարությունում դեռ չեն հաշվարկել վնասի չափը: Նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը Panorama.am-ին հայտնեց, որ այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել, նախարարը հանձնարարականներ է տվել: Թե ինչ հանձնարարականներ են և ում են հասցեագրված, նախարարությունում առայժմ լռում են, խոստանում են` «շուտով կլինի հաղորդագրություն»:
Ա. Սմբատյանն ասաց, որ հակակարկտային կայանների տեղադրումն ու գործարկումը ԱԻՆ-ի գործն է:
Panorama.am-ը փորձեց ԱԻՆ-ից պարզաբանում ստանալ` հասկանալու համար ինչո՞ւ գործի չեն դրվել կայանները, կամ գուցե դրվել են` արդյունավետ չե՞ն եղել:
«Մենք էլ ենք փորձում հասկանալ: Արմավիրի մարզում կայանները մեր տեղադրածը չեն: Հիմա ուսումասիրություն է կատարվում»,-ասաց ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ավելացնելով, որ հավելյալ տեղեկություններ կարող է տրամադրել ավելի ուշ:
Նշենք, որ 2008-2012թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 180 մլն դրամ է տրամադրել Արմավիրի մարզում 26 Զենիթ հակակարկտային կայանների տեղադրման համար:
Նկատենք, որ ԱԻՆ պաշտոնական էջի հաղորդմամբ, Արմավիրում կայաններ է տեղադրել նաև նախարարությունը: 2012-ի հուլիսի 7-ի հրապարակման մեջ մասնավորապես նշվում է. «Օրերս Հայաստանի երեք մարզերում տեղադրվել է 26 նոր հակակարկտային կայան: Դրանցից 13-ը տեղադրվել է Արագածոտնի, 10-ը` Արմավիրի և 3-ը` Լոռու մարզում: Կայանները կառուցել է «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը` պետբյուջեից ՀՀ կառավարության հատկացրած ֆինանսավորմամբ:… Նոր կայաններից յուրաքանչյուրը պաշտպանության տակ է առնում առնվազն 1000 մետր շառավղով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան