Ա. Դավութօղլու. Թուրքիան իրեն իրավունք է վերապահում դիմել ցանկացած միջոցների
Թուրքիան իրեն իրավունք է վերապահում դիմել ցանկացած միջոցների՝ ի պատասխան Սիրիային սահմանակից թուրքական Ռեյխանլի քաղաքում իրականացված պայթյունների: Այս մասին «Коммерсантъ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Աղբյուրի տեղեկացմամբ, թուրքական իշխանությունները ենթադրում են, որ ահաբեկչության կազմակերպիչները կապված են Սիրիայի հատուկ ծառայությունների հետ: Պայթյունների հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվել է 9 մարդ, բոլորն էլ Թուրքիայի քաղաքացի:
«Այդ գործողության նպատակը սադրանքն է տարածաշրջանում: Մենք ունենք մանրամասն տեղեկատվություն ձերբակալված անձանց մասին, սակայն դեռևս չեմ կարող հայտնել այդ մասին»,- հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը:
Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուն հայտարարել է նաև, որ տեղի ունեցած ահաբեկչությունը կքննարկի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ և առայժմ անհրաժեշտություն չի տեսնում հրավիրել ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ, ինչպես դա տեղի է ունեցել անցյալ տարի Սիրիային սահմանակից Աքչակալ գյուղի հրթիռակոծությունից հետո:
Նշենք, որ մայիսի 11-ին 15 րոպեի տարբերությամբ երկու պայթուն է տեղի ունեցել թուրքական Ռեյխանլի քաղաքի քաղաքապետարանի դիմաց: Պայթել են երկու ականապատված ավտոմեքենաներ, զոհվել է 45 մարդ և վիրավորվել 100-ը: Պայթյունի արդյունքում վնասվել են 735 առևտրային և 121 բնակելի շինություններ, ինչպես նաև 62 ավտոմեքենա:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած հրթիռակոծությունը սպառնում էր վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Ի պատասխան Սիրիայի տարածքից թուրքական ուղղությամբ արված հրթիռակոծությունների, որոնց զոհ էին գնացել խաղաղ բնակիչներ, թուրքական խորհրդարանը արտոնեց թուրքական զինված ուժերին իրականացնել անդրսահմանային ռազմական գործողություններ Սիրիայի տարածքում:
Թուրքիայի նախաձեռնությամբ հրավիրվել էր ՆԱՏՕ-ի արտահերթ նիստ, որում ընդունված որոշման համաձայն Սիրիային սահմանակից թուրքական շրջանների հրթիռակոծումը վտանգ է ներկայացնում դաշինքի անդամ բոլոր պետությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում