Քաղաքագետ. Սիրիայի ճգնաժամի հանգուցալուծումը որոշակիորեն կախված է Իրանի նախագահական ընտրություններից
Սիրիայում դինամիկ հավասարկշռություն է ստեղծված. Արևմուտքը չկարողացավ տապալել Ասադին, իսկ վերջինս՝ չի կարող հաղթանակ տանել զինյալների նկատմամբ: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Ըստ բանախոսի՝ իրավիճակը դարձել է ճգնաժամային, և թե Իսրայելը, և թե Թուրքիան փորձում են փոխել իրավիճակը: Քաղաքագետը հակված է տեսնելու, որ Սիրիայի սահմանին մայիսի 10-ին տեղի ունեցած ահաբեկչությունն անուղակի կապված է սիրիական ճգնաժամի հետ, իսկ իսրայելական օդուժի կողմից այդ երկրի տարածքի ռմբակոծումն արդեն իսկ դրա վառ ապացույցն է:
Քաղաքագետի կարծիքով՝ իրավիճակը չի փոխվում նրանից, որ Ասադին սատարում են Ռուսաստանը և Չինաստանը, և ամենաիրատեսական ձևով՝ Իրանը: Բացի այդ, Սիրիայի պարագայում «ապստամբների» միայն 5-10 տոկոսն է, որ իրոք այդ երկիրի քաղաքացիներն են: Բանախոսի կարծիքով՝ սիրիական ճգնաժամի շրջանակներում շատ բան կախված է նաև Իրանում նախագահական ընտրությունների արդյունքներից: «Կարող է փոխվել որոշ քաղաքական ակցենտները Իսրայելի և ԱՄՆ նկատմամբ: Բայց դա միայն երանգներ են», - ասաց նա: Բանախոսը նաև շեշտեց, որ Սիրիայում պատերազմը նաև պայքար է աշխարհիկ և ռադիկալ իսլամի միջև, ինչը բերում է իսլամական աշխարհի բոլոր խաղացողներին:
Անդրադառնալով սիրիահայությանը, բանախոսը նշեց, որ այդ պատերազմը մարտահրավեր է ոչ միայն նրանց, այլ նաև՝ ամբողջ հայությանը: Նա նկատեց, որ շատ սիրիահայեր իրապես ընդունում են Սիրիան որպես իրենց հայրենիքը, և տարբեր վերաբերմունք ունեն պատերազմի նկատմամբ: «Պետք է հաշվի առնենք, որ սա մի քայլ է՝ Մերձավոր Արևելքում իջեցնելու քրիստոնյաների քանակը», - ասաց նա: