ԳՆ. Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական տրակտորներ Հայաստան ներկրելու հարցում
Հայկական կողմը հետաքրքրված է բելառուսական արտադրության տրակտորներ Հայաստան ներկրելու կամ Հայաստանում դրանց հավաքման և սպասարկման համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցերով: Այսօր Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Լեոնիդ Զայացի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հետարքրքություն ցուցաբերելով առաջարկի վերաբերյալ, Լեոնիդ Զայացը հրավիրել է Սերգո Կարապետյանին մասնակցելու 2013թ. հունիսին Մինսկում կազմակերպվող «Բելագրա» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին, ուր հնարավոր կլինի ծանոթանալ բելառուսական արտադրության գյուղատնտեսական տեխնիկային և վարել բանակցություններ համապատասխան ընկերությունների հետ:
Բելոռուս նախարարը նշել է, որ Բելառուսի Հանրապետությունը հնարավորություն ունի Հայաստան արտահանելու ցանկացած հացահատիկային մշակաբույսի սերմացու, հանքային պարարտանյութեր, թունաքիմիկատներ: Հեռանկարային է համարվել նաև Բելառուսից Հայաստան կաթնամթերք, միս, թռչուն ներկրելը և տեղում դրանց փաթեթավորման և իրացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:
Ս, Կարապետյանն էլ ներկայացրել է Հայաստանից Բելառուս թարմ պտուղ-բանջարեղեն, ալկոհոլային խմիչքներ, բնական հյութեր և բանջարեղենային պահածոներ արտահանելու հնարավորությունները:
Այսօր նախատեսվում է նաև ստորագրել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության միջև համագործակցության զարգացման մասին» փոխըմբռնման հուշագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան