Ն.Զոհրաբյան. Ես կարծում եմ, որ կուսակցությունը, այո, կաշխատի Երևանի ավագանիում
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն ավագանիում կունենա 17 մանդատ՝ այնքան, որքան ունեցել է նախորդ չորս տարիներին: Սակայն կուսակցությունում մանդատները վերցնել-չվերցնելու առումով դեռևս տեսակետերը տարբեր են: Panorama.am-ի հետ զրույցում այդ մասին շրջանառվող լուրերը հաստատեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը.
«Այո, կուսակցությունում տարբեր տեսակետեր կան. տեսակետ կա, թե եթե ձայները ավագանիում որոշիչ չեն, այսինքն ԲՀԿ-ն որոշումների կայացման վրա միևնույն է ազդեցություն չի ունենալու, ապա ճիշտ է մանդատները չվերցնել: Բայց դոմինանտ է այն տեսակետը, որ ԲՀԿ-ն բարոյական պատասխանատվություն ունի այն ընտրողների առջև, որոնք իրենց վստահության քվեն տվել են մեր կուսակցությանը՝ 100 հազար ընտրողի առջև և ես կարծում եմ, որ կուսակցությունը, այո, կաշխատի Երևանի ավագանիում և կփորձի իր 17 ձայնով բարձրացնել այն խնդիրներն ու հիմնահարցերը, որոնք բազում են մայրաքաղաքում ու հրատապ լուծման կարիք ունեն»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այդ տեսակետների տարբերությունը ապացուցում է շրջանառվող այն լուրերը, թե ԲՀԿ-ում խմորումներ են, կուսակցականները տարբեր թևերի են բաժանվել և այլն: Ն.Զոհրաբյանը նշեց, որ դա որևէ բան էլ չի ապացուցում, քանի որ խոսքը բնականոն կուսակցական գործընթացների մասին է.
«Հակառակը կլիներ անտրամաբանական, եթե կուսակցությունում չլիներ տեսակետերի բախում և եթե կուսակցությունում բոլորը նույն կերպ մտածեին»,-նշեց նա ու հավելեց, որ դա շատ առողջ քննարկում է և հենց դա էլ խոսում է ԲՀԿ-ում ներքին ժողովրդավարության մասին.
«Այն, ինչ գրում է մամուլը՝ պառակտում, թևեր և այլն.... կրկին խորհուրդ եմ տալիս մեզ չշփոթել այլ կուսակցությունների հետ, որտեղ տարբեր հոսանքներ կան և չես էլ իմանում, թե այդ հոսանքները երբևէ ընդհանուր շահ կամ տեսակետ ունենում են թե ոչ: Մենք բաց կուսակցություն ենք և որոշումները կայացվում են հրապարակային քննարկումներից հետո, բայց կայացված որոշումը պարտադիր է բոլորի համար»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե երբ է կուսակցությունը քննարկելու մանդատների հետ կապված խնդիրը, ԲՀԿ-ական գործիչն ասաց, թե չի կարծում, որ դա ինչ-որ հատուկ քննարկման է դրվելու: Առավել ևս, որ մեծամասնության կարծիքն էլ այն է, որ մանդատները պետք է վերցնեն:
Նշենք, որ ըստ օրենքի՝ որպես այդպիսին վերջնաժամկետ, թե երբ պետք է ընտրություններում անցողիկ ձայներ հավաքած կուսակցությունները հայտնեն իրենց ինքնաբացարկի մասին, եթե իհարկե չեն ցանկանում վերցնել մանդատները, չկա: Սակայն, հիշեցնենք, նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կուսակցություններին հորդորեց ինքնաբացարկի մասին դիմումները ներկայացնել մինչ վաղը: