Что-то тут не то. «էպոսագետի» պաշտպանը դատից առաջ մանրամասներ է ներկայացրել
Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը 6 հատորանոց գործում փնտրել-փնտրել է, Սեդրակյանին չի գտել: «Ես հաստատ համոզված եմ և չեմ կասկածում, որ մեր իրավապահներն էլ են այն կարծիքին, որ օրացույցի վրա 2013 թվականն է, այլ ոչ թե 37-ը: Եվ ընդամենը մեկ ցուցմունքով նախագահի թեկնածու չեն դատել», վաղը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սեդրակյանի դատին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը:
Նրա խոսքով, ըստ էության որևէ ցուցմունք իր պաշտպանյալի նկատմամբ չի եղել: «Կրակողն (Խաչիկ Պողոսյան) ասում է, որ Սամվել Հարությունյանը կաֆելշիկ է եղել: Կրակողն ասում է, որ կաֆելշիկն իրեն ասել է, որ Վարդան Սեդրակյանն իրեն ասել է, որ պետք է վախեցնել Հայրիկյանին: Ես պատվերը կատարեցի, անզգույշ եղա, կպավ: Հիմա ինձ ասեք, թե էս ցուցմունքով Սեդրակյան Վարդան պետք է դատե՞լ», -լրագրողներին հարցով դիմեց պաշտպանը:
Սիրունյանը նույնիսկ կասկածներ ունի, որ Խաչիկ Պողոսյանը` գլխավոր մեղադրյալը, կատարվածի հետ կապ չունի: «Ոնց նայում եմ, այդքան էլ կապ չունի: Եթե զենքը չի հայտնաբերվում նրա տանը խուզարկությամբ, խուզարկություն անում է այդ կարգի կարևորագույն ու ամենալուրջ նախաքննական մարմինը` ԱԱԾ-ն, առանց չափազանցելու: Մեկ էլ հաջորդ օրը գալիս է Խաչիկի կինը ու ասում` էս զենքը, վերցրեք: Երկու օր հետո գալիս է կինը ու ասում` գիտեք, ես դատարկ զենքն էի բերել, մոռացել էի, էս էլ փամփուշտը», -ներկայացրեց Սիրունյանը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Վարդան Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, առաջադրվելով 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը ղաղարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտաղրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։
Սիրունյանը սակայն, պնդեց, որ Վարդան Սեդրակյանը որևէ գումար չի տրամադրել զենք գնելու համար: «Այլ տվել է գումար` և 1000 դոլար, և 2000 դոլար ընթացիկ ծախսերի համար: Չի տվել զենք գնելու համար: Իսկ կարո՞ղ եք բացատրել` 1000 դոլարով զենք ա՞ լինում: Կամ ինձ ասեք` լինում ա՞ նման կիլլեր, որ ասի ես գործը կանեմ, մնացածի մասին հետո կգանք, կխոսանք: Կա էդպիսի ցուցմունք` ասում ա Սամվելն ասեց` Խաչիկ ջան Վարդանը մեզ ասեց, որ դիլխոր չի թողի, գործը կանենք, փողի մասին հետո կխոսանք. Բա սա բրազիլական սերիալ ա՞, ինչա՞», -նկատեց փաստաբանը` ընդգծելով, որ իրենց համար կարևոր է հասկանալ, թե ովքեր են դրդում մյուս Խաչիկին ու Սամվելին նման ցուցմունքներ տալ:
Փաստաբանի խոսքով, «Նագանը», որը սովորաբար 35 մ հեռավորությունից ծակում է 7.5 սմ տախտակ, այս դեպքում, ըստ փորձագետի եզրակացության, կրակոցն արձակվել է 1 մետր հեռավորությունից և փամփուշտը մնացել է ուսի մեջ, իսկ երկրորդ փամփուշտը, որը անցել է Հայրիկյանի վերարկուի միջով, ընկել է նրա կողքին, և սա ըստ Սիրունյանի, անտեսվել է քննիչի կողմից: «Ես ուզում եմ ասել, որ Что-то тут не то: Ես չգիտեմ` ում էր ձեռնտու նրա գլխին սարքել, ես միայն գիտեմ, որ կատարվածից մի քանի ժամ հետո քրեական գործ են հարուցում 305 հոդվածով, այլ ոչ թե 104-ով», -հայտարարեց նա:
Պաշտպանն ասաց, որ վաղվա դատական նիստի ժամանակ ինքը մեղադրող դատախազին «թախանձագին խնդրելու» է բացատրել, թե որն է մեղադրանքի հիմքը:
Նախորդող հրապարակում. Էպոսագետի 1000 դոլարը հանցակիցները տնտեսել են. Սեդրակյանի դատը կմեկնարկի մայիսի 14-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան