Ալաշկերտում կարկուտը 100 տոկոսանոց վնաս է հասցրել. 1000 տոննա խաղողի փոխարեն աշնանը 30 կգ խաղող կքաղեն
2009 թվականի կարկուտից հետո մեջքը ուղղել չկարողացող Արմավիրի մարզի Արազափ գյուղում այս անգամ կարկուտը քիչ վնաս է հասցրել:
Գյուղապետ Մանվել Հարությունյանը Panorama.amի հետ զրույցում արտահայտում է ուրախությունը. «Հարազատ ջան, բարեբախտաբար մենք էս անգամ փրկվել ենք: 2009 թվականին կարկուտը մեզ վնաս տվեց, ու մինչև այսօր էդ կարկուտի պատճառով բանկերին պարտք ենք մնացել»:
Խոսքից հետո Հարությունյանն անմիջապես հիշում է մոտակա գյուղերի մասին, որտեղ կարկուտը ահռելի վնասներ է հասցրել, ու մտածում է` այդ համայնքներին իրենց գյուղի ճակատագիրն է սպասվում:
«Բայց հարյուրավոր գյուղեր, որ կարկուտը տվել է, մարդիկ պարտքի տակ են, վարկի տակ են, հիմա էս տարի ո՞նց պիտի անեն: Այ ըտենց արազափցին 2009 թվականին էր: Շատ ենք ափսոսում հարևան գյուղերի համար, Ալաշկերտը մեր ճանապարհի վրա է, ընենց սիրուն այգիներ ուներ, նայում էինք, հիանում, հիմա մնացել են չոր ճյուղերը»:
Գյուղապետն ասում է, որ գյուղին փրկել են հակակարկտային կայանները: ԱԻՆ տրամադրած տվյալներով, Արազափում երկու կայանից 628 կրակոց է արձակվել:
«Վայ, հաշվել կլինե՞ր: Թիվ կա թուրքի զորքին, թիվ չկա էդ կրակոցներին»,-կրակոցների թվի վերաբերյալ հարցին արձագանքում է համայնքի ղեկավարը:
Հիմա գյուղում պատրաստում են դիամագրավել կարկուտի նոր մարտահրավերին: Հայհիդրոմետի տվյալներով, մայիսի 14-19-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ, հատկապես 16-18-ին առանձին հատվածներում կտեղա կարկուտ:
«Պատրաստ ենք, լիցքավորված սպասում ենք, բնության դեմ կռվում ենք»,-ասաց Հարությունյանը:
Կարեն Հովհաննիսյանի ղեկավարած համայնքին` Ալաշկերտին կարկուտը 100 տոկոսանոց վնաս է հասցրել: 300 հա հեկտար հողից 30 հա-ն է չմշակված, 270 հա մշակված հողից ու այգիներից բան չի մնացել:
«Բանջարային կուլտուրաներ ա, պամիդոր ա, բադրիջան ա, բիբար ա, վարունգն ա, ծիրանն ա, խաղողն ա…ամբողջովին տարել է, 100 տոկոսով, բերք չկա ընդհանրապես»,-թվարկեց գյուղապետը:
Գյուղում հիմա մանրամասն հաշվարկում է, թե ով ինչքան է տուժել, բայց չգիտեն, թե ինչ աջակցություն կցուցաբերի կառավարությունը:
«Մեզ մոտ այգի կար մի անհատի, 2 հեկտար խաղողի սեղանի սորտ ուներ, 70 տոննա բերք էր սպասում, անցած տարի 60 տոննա քաղել է: Եթե գյուղում սպասում էին, որ 1000 տոննա խաղողի բերք կլիներ, հիմա արդեն մտածում ենք, կարող է մի 30 կիլո աշունը խաղող լինի»,-ասաց Կ. Հովհաննիսյանը:
Ի՞նչ են ակնկալում գյուղացիները կառավարությունից:
«Գյուղի 80 տոկոսը վարկ է վերցրել, 130-140 վարկառու կա, ոսկի-մոսկիներն էլ չհաշված: Չեմ իմանում, գոնե էդ վարկերի պահը լուծեն, ինչ-որ ֆինանսական աջակցություն ցուցաբերեն, թե չէ ժողովուրդը չի կարա»,-ասաց գյուղապետը:
Այստեղ էլ կա հակարկտային կայան, սակայն մասնագետներն ասել են, որ ամպերը մեծ են եղել, շարժվել են մեծ արագությամբ, քամին էլ խանագարել է:
ԱԻՆ-ից այս ու այլ գյուղերի մասով տեղեկացրել են. «Անցնելով պաշտպանվող տարածքի վրայով, ամպը կրկին սկսեց ուժեղանալ և կարկտահարել Արմավիրի մարզի Ուշակերտ, Արաքս, Ամասիա, Նոր Արմավիր, Ջրաշեն, Բամբակաշատ, Ալաշկերտ, Մրգաշատ, Մեծամոր, Ակնալիճ, Այգեշատ, Արշալույս, Հայթաղ չպաշտպանվող համայնքների տարածքները` պատճառելով էական վնասներ, տեղ-տեղ ուժեղ»:
Նախորդող հաղորդում`
Գյուղացին նորից կոտրած տաշտակի առջև է. Ինչի՞ համար են հակակարկտային կայանները
«Խնձորի կեսը մնացել է ծառին, կեսը ընկել գետնին». Ինչպե՞ս են կրակել կայանները