«Քանի դեռ Ադրբեջանը որակական առավելություն չի ստացել, պատերազմ չի լինի»
«Հրադադարի 19 տարվա ընթացքում Արցախը կայացել է որպես ժողովրդավարական երկիր, իսկ Ադրբեջանը դարձել է ծավալապաշտական ցայտուն նկրտումներով երկիր»: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Հրադադարի 19 տարիների ընթացքում Ադրբեջանում, եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն ավելացել են ծայրահեղ դիրքորոշումները, ինչը միայն խանգարում է հակամարտության կարգավորմանը», - ասաց նա:
Ըստ բանախոսի՝ չհաշված Բաքվի ռազմատենչ հայտարարությունները, ներկայումս պատերազմական գործողությունների վերսկսման հավանականություն չկա, քանի որ ադրբեջանական բանակը դեռ պատրաստ չէ դրան: «Ադրբեջանում մեծ գումարներ են վատնում բանակի վրա, սակայն դա դեռ քիչ է, քանի որ այդ ամենը չի կարողանում որակ ապահովել նրանց բանակի համար»,- նշեց ռազմական հոգեբանը, ընդգծելով. «Քանի դեռ Ադրբեջանը մեր նկատմամբ որակական առավելություն չի ստացել, պատերազմ չի լինի»:
Միաժամանակ Դ.Ջամալյանը գոհունակությամբ նշեց, որ Արցախի պաշտպանության բանակը դարձավ մոբիլ և արդյունավետ կառավարվող բանակ, որի պատճառը, նրա գնահատմամբ՝ բանակի հստակ կառուցվածքն է: «Վերջերս Պաշտպանության բանակում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան, ստեղծվեցին հատուկ բրիգադներ, որոնց խնդիրն է անհրաժեշտության դեպքում մարտն անմիջապես տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասաց բանախոսը: