Կենաց-մահու պայքար է գնում. ՍԴՀԿ ներկայացուցիչը` Ծառուկյանի հայտարարության մասին
ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը շատ նորմալ է վերաբերում այսօր Աբովյանում սբ. Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությանը:
«Հայաստանում ընդդիմություն լինելը անիծված զբաղմունք է, որովհետև մենք գործ ունենք մարտնչող ֆաշիզմի հետ և Հայաստանում ընդդիմություն լինել նշանակում է լինել համակենտրոնացման ճամբարում: Ծանր ընտրություն է, և եթե մարդիկ դա են ընտրել, ապա ես ոչինչ ասել չեմ կարող: Ոչ մեկին չեմ կարող մեղադրել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահի հայտարարությունը մեկնաբանեց ՍԴՀԿ անդամ, Հայ Ազգային կոնգրես նախկին դաշինքի անդամ ու այժմ ՀԱԿ կուսակցության հետ համագործակցող Գուրգեն Եղիազարյանը:
Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է գնահատում այդ հայտարարությունը հատկապես հաշվի առնելով այն, որ ՀԱԿ-ը համագործակցում է ԲՀԿ-ի հետ, Եղիազարյանն արձագանքեց. «Ես ինքս անձամբ չեմ համագործակցել»:
Մեր դիտարկմանը, թե Եղիազարյանը եղել է անդամ մի դաշինքի, որը համագործակցել է ԲՀԿ-ի հետ, նա պատասխանեց. «Եթե համագործակցությունը համարում եք այն, որ այս ընտրությունների ժամանակ կեղծիքների դեմ պետք է պայքարեինք, այո, համագործակցել ենք»:
Նրա խոսքով, ԲՀԿ-ի հետ համագործակցությունը կշարունակվի, եթե այն լինի «ընդդեմ իշխանությունների»:
Հարցին, թե ինչո՞ւ այնուամենայնիվ ԲՀԿ նախագահը այս հայտարարությունն արեց ընտրություններից հետո, Եղիազարյանը կրկնեց նախորդ միտքը. «Մենք գտնվում ենք համակենտրոնացման ճամբարում: Կենաց-մահու պայքար է գնում, լինել ընդդիմություն նշանակում է ուղիղ համակենտրոնացման ճամբարում դատապարտվել խոշտանգումների, կտտանքների: Ես ոչ մեկին մեղադրել չեմ կարող: Ես գիտեմ, որ ես ընդդիմադիր եմ, գիտեմ, որ ՀԱԿ-ը մինչև վերջ ընդդիմություն կլինի»:
Հիշեցնենք, որ այսօր Աբովյանում պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ն հնարավո՞ր է դառնա ընդդիմություն, Ծառուկյանը պատասխանել էր. «Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար»: