Մեծ Բրիտանիայի կառավարությունում մեծանում է Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը
Մեծ Բրիտանիայի կառավարությունում մեծանում է Եվրամիության կազմից դուրս գալու կողմնակիցների թիվը: Երկրի պաշտպանության նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ կողմ կքվեարկեր Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, եթե նման հանրաքվե տեղի ունենար ներկայում: Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի կրթության նախարար Մայքլ Գոուվը: Այս մասին հայտնում է «Rosbalt» լրատվական գործակալությունը:
«Ինձ չի գոհացնում Եվրամիությունում մեր կարգավիճակը: Կցանկանայի, որպեսզի իրավիճակը փոխվեր: Պետք է ընդունել, որ երկրի վիճակը անընդունելի է, և բրիտանացիների համար Եվրամիությունից դուրս կյանքն ավելի լավը կլիներ»,- հայտարարել է նախարար Գոուվը:
Միաժամանակ, նախարարներն ընդգծել են, որ անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին հնարավորություն տալ բանակցություններ վարել պաշտոնական Բրյուսելի հետ Եվրամիությունում Մեծ Բրիտանիայի կարգավիճակի վերանայման շուրջ, մինչև որ կընդունվի վերջնական դիրքորոշում խնդրի վերաբերյալ:
Իր հերթին Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը տարակարծիք է նախարարների հետ: Նրա համոզմամբ, երկրում տնտեսական ճգնաժամը պայմանավորված է հենց բրիտանացիների «ծուլությամբ»:
«Եթե դուրս գանք Եվրամիությունից, վերջ կտանք այս անօգուտ բանավեճին: Մենք ստիպված կլինենք ընդունել, որ մեր խնդիրների մեծ մասում չկա Բրյուսելի մեղավորությունը»,- նշել է Լոնդոնի քաղաքապետը և հավելել, որ բոլոր դժվարությունների պատճառը բրիտանական անարդյունավետ տնտեսվարումն է, վատ կրթությունը, ծուլությունն ու ներդրումների բացակայությունը:
Աղբյուրը նշում է, որ վերլուծաբանների գնահատմամբ հենց Բ. Ջոնսոնն է վարչապետի պաշտոնում ամենահավանական թեկնածուն:
Նշենք, որ այս շաբաթ բրիտանական խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու շուրջ քվեարկություն: Դ. Քեմերոնը իր ծրագրային ելույթում պաշտոնապես խոստացել է հանրաքվե անցկացնել 2017թ-ից ոչ ուշ, եթե իշխող Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015թ.-ի խորհրդարանական ընտրություններում:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ ինքն անձամբ չի ցանկանում, որպեսզի երկիրը դուրս գա Եվրամիության կազմից, սակայն որպեսզի Մեծ Բրիտանիան շարունակի մնալ Եվրամիության ակտիվ անդամ, միությունը պետք լինի ավելի մրցունակ և արդյունավետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա