Նախկին նախարարը Ծառուկյանի օբյեկտներից մեկում կաշխատի որպես տնօրեն
«Ժամանակի» տեղեկություններով, սպորտի և երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական արդեն նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանն անգործ չի մնա և նոր պաշտոն կստանա: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նրան գործ է տալու: Թերթի տեղեկությունների համաձայն, նա ԲՀԿ ղեկավարի օբյեկտներից մեկում կաշխատի որպես տնօրեն: Ի դեպ, ԲՀԿ-ում դեռևս Երևանի ավագանու ընտրություններից առաջ գիտեին, որ իշխանությունները սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը ԲՀԿ-ից կվերցնեն, եթե ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեն:
Իսկ երբ հայտնի դարձավ, որ ՀՀ միակ ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը սնանկանում է, և կարծիք կար, որ այն կգնի Գ. Ծառուկյանը, Հ. Ռոստոմյանն իր մերձավոր շրջապատում ասել էր, թե ԲՀԿ ղեկավարն իրեն է նշանակելու այդ ընկերության տնօրեն: Բայց երբ պարզ դարձավ, որ Ծառուկյանը չի գնելու «Արմավիան», Հ. Ռոստոմյանն իր ընկերներին ասել է, թե իրեն նշանակելու է «Ավիասերվիս» ընկերության տնօրեն: