Ն. Նազարյանը պնդում է, որ կապ չունի ֆինանսական բուրգի հետ և լռելով արհամարհում է սուտը
Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակ նետվում։ Թե դրանցից որ մասն է դառնում քննության առարկա, իսկ որ մասի վրա են իրավապահները աչք փակում, ապագան ցույց կտա։ Բայց մի բան այս պահին հաստատ է. Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավաստիացնում է, որ ինքը որևէ առնչություն չունի այդ բուրգի հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նազարյանը նշել է. «Պարզապես ծիծաղելի փորձեր են ինձ նման պատմությունների մեջ մտցնելը։ Վստահեցնում եմ Ձեզ, որ դրանք հերյուրանքներ են»։ Հարցին, թե` «Այդ դեպքում ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք ներկայացնում Ձեր հակափաստարկները և ինչո՞ւ չեք մեկնաբանում Ձեզ պաշտոնանկ անելու պատճառները», Նազարյանը պատասխանել է. «Ես իմ լռությամբ արհամարհում եմ սուտը։ Ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա։ Համբերեք, և ամեն ինչ կընկնի իր տեղը»: Թերթը հիշեցնում է, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգը խաբեությամբ 2.5 մլն դոլար է կորզել մարդկանցից և «պայթել»»։