Սիրիայում սպանված ադրբեջանցի ահաբեկչի մայր. «Նրանք կռվում են հայերի՝ մահմեդականների թշնամիների դեմ»
ANS հեռուստաալիքը Սիրիայի հակաիշխանական ուժերի կողմից կռվող ադրբեջանցի ահաբեկիչների մասին պատմող ռեպորտաժ է ցուցադրել, որում նշվում է, որ զոհված ահաբեկիչների ծնողները իրենց զավակների՝ Սիրիայում ոչ օրինական գործողությունների մասին տեղեկացել են հեռուստատեսային ռեպորտաժներից:
Ինչպես գրում է «Gafgazregion.az» կայքը, սիրիացի ապստամբներին միացած Ռաշադի հայրը` Զաքարիա Մամեդովն հայտնել է. «Սա իմ որդին է, Մամեդով Ռաշադ Զաքարիա օղլուն: Նա ներկայում Սիրիայում ջիհադ է անում Ալլահի համար, մահմեդականներին պաշտպանելու համար»: Հայրը ոչ միայն տեղյակ է որդու ահաբեկչական գործունեության վերաբերյալ, այլ նաև նրան հաջողություն է մաղթում: Զաքարիա Մամեդովը հաստատում է, որ մի քանի օր առաջ ինտերնետի միջոցով կապ է հաստատել որդու հետ և լիովին արդարացնում է նրա գործունեությունը: Որդին պատմել է, որ սիրիացի ապստամբների մեջ շատ են ադրբեջանցիները:
Ադրբեջանցի ահաբեկիչների զինված ղեկավար Վահիդ Մամեդովը, ով «Youtube»-ի տեսանյութում մյուսներից տարբերվում է իր հագուստով, ծնողների խոսքով նախկինում ադրբեջանական բանակում ծառայել է հակաօդային պաշտպանությունում: Այդ մասին պաշտոնական գրանցում կա նաև նրա զինգրքույկում: Ձեռք բերված հետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ Վահիդ Մամեդովը մի քանի տարի առաջ մասնակցել է իրավապահ մարմինների կողմից Զաքաթալայում անցկացված «Անտառի եղբայրների» դեմ հատուկ գործողությանը: Նրա ծնողները հայտնել են, որ Վահիդ Մամեդովից վերջին ուղերձը ստացել են մարտի 14-ին, որում նա տեղեկացրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որից հետո հայտնվել է «Youtube»-ի տեսանյութը:
Մեկ այլ ադրբեջանցի Ռիզվան Սուլեյմանովի մայրն էլ պատմել է, որ որդին փետրվարի 14-ին մեկնել է Բաքու աշխատելու: Սակայն հետո տեղեկացել է, որ որդին մասնակցում է Սիրիայում արյունալի մարտերին: «Նրանք մահմեդականների դեմ չեն կռվում, այլ պաշտպանում են մահմեդականներին հայերից՝ մահմեդականների թշնամիներից»,-նշում է Ռիզվանի մայրը:
Իր հերթին ադրբեջանցի ահաբեկչի եղբայրը պատմում է, որ Ռիզվանը մեկնելուց հետո ընդամենը մեկ անգամ է կապ հաստատել իրենց հետ:
Նախորդիվ՝