ՀՀՇ վերագրանցման նախաձեռնողներ. Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից (Տեսանյութ)
ՀՀՇ վերագրանցման նախաձեռնողներ Ալեքսանդր Արզումանյանը, Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
«2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց Համազգային Շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց Ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործունեությունը:
Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին իսկ օրերից, լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության ու ազատականության արժեքներին, մեր անհամաձայնությունն ենք արտահայտել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորով այն քողարկելու և ստվերելու փորձին, դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից և ոտնձգություն մերօրյա պատմության դեմ: Այս երևույթի, ինչպես նաև վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման և անձնապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հպարտանում ենք 25 տարվա մեր քաղաքական գործունեությամբ, անցած քառորդ դարում Հայոց Համազգային Շարժման գրանցած նվաճումների ու հաջողությունների մեջ մեր համեստ ներդրումով և ցավ ենք զգում մեր կորուստների ու ձախողումների համար: Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից:
Մեր նպատակն է՝ վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը»:
Ալեքսանդր Արզումանյան
Արարատ Զուրաբյան
Հովհաննես Իգիթյան
Կարապետ Ռուբինյան
Նախորդող հրապարակում`
ՀՀՇ-ն վերագրանցվելու է և մնալու է ընդդիմություն.«Մոտ երկու հարյուր հոգի այս պահին նախաձեռնող խմբում կա»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները