«Ananun» հայկական հաքերային խումբը հրապարակել է ադրբեջանական լրագրողների հակահայկական կեղծարարությունները
«Ananun» հայկական հաքերային խումբը «Vs.ananun.am» կայքում հրապարակել է հակահայկական քարոզչությամբ ու կեղծարարություններով զբաղվող ադրբեջանական լրագրողների նոր նամակագրություններ: Այս անգամ հերթը հասել է ադրբեջանական «Վեստի.ազ» կայքի լրագրող Բահրամ Բատիևին, ում հայկական թեմատիկային վերաբերվող աշխատանքային նամակագրությունը հասանելի է դարձել հանրությանը և և դարձել լայնածավալ քննարկումների նյութ համացանցում:
Ուշագրավ է Իսրայելում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը, ովքեր ԶԼՄ-ներում իրենց ներկայացնում են որպես անկախ և չեզոք փորձագետներ: Այսպես, համացանցում տարածվել են Ավիգդոր Էսկինի նամակները, որում նա ադրբեջանական կողմին իր ծառայություններն է առաջարկում, ապա ներկայացնում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Հետաքրքիր է նաև այն, որ նամակագրություններում Արյե Գուտը, Լև Սպիվակը և Միխայիլ Ագարանովը բացահայտ կերպով ընդունում են, որ պատկանում են Իսրայելի ադրբեջանական համայնքին` «Մեր սփյուռքի աշխատանքի բարձր գնահատականը արտացոլվում է ադրբեջանական հայտնի լրագրող Աքպեր Հասանովի նյութում»:
Իր հերթին, օրինակ, իսրայելական «Новости недели» թերթի գլխավոր խմբագիր Պյոտր Լյուկիմսոնը կշտամբում է ադրբեջանցի կեղծարարին` «հայկական լոբբիի վտանգների» մասին իր հարցազրույցը աղավաղելու համար:
Հետաքրքիր է նաև հայտնի հայատյաց Գուրամ Մարխուլիայի հետ նամակագրությունը, որտեղ նա խնդրում է իրեն Ալիև անվանել, ընդունում է, որ ցանկանում է սովորել ադրբեջաներեն, որպեսզի «եղբայրներին հաճոյանա», ինչպես նաև ակնարկում է իր ծանր ֆինանսական վիճակի մասին:
Համացանց է ընկել նաև Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել ցանկացող Գրիգորի Վանյանի հետ նամակագրությունը: Բահրամ Բատիևն ու Ռիզվան Հուսեյնովը խոստանում են Վանյանին, որ կգնան նրա միջոցառմանը Վրաստանում:
Փորձագետ Օլեգ Կուզնեցովն էլ առաջարկում է «ադրբեջանական կողմի ցանկությունները բարձրաձայնելու» իր ծառայությունները, որոնց դիմաց վճար ստանալու ակնարկները մերժվում են Բատիևի կողմից, և արդյունքում նրան մնում է բավարարվել «Վեստի.ազ» կայքին տրված հարցազրույցների «շնորհակալ լսարանով»:
Հետաքրքիր է նաև ուկրաինական «Խվիլյա» ռեսուրսի համագործակցությունը ադրբեջանական քարոզիչների հետ: Օրինակ, Կրասնոդարի շրջանի ուսուցչի անանուն բողոքները իր գործընկեր հայ Վարվարա Մարկարյանի նկատմամբ, ինչպես նաև պաշտոնաթող զինվորական Ստանիսլավ Ռազդոբրեևի բացահայտումները, ում հարցազրույցը նույնպես «ուղղվել», իսկ հետո ընդհանրապես հանվել է «Վեստի.ազ» կայքից:
Հատկանշական է, որ անձնական նամակագրությունում ռուս զինվորականը Բատիևին ներկայացնում է հայ լրագրողների անհարմար հարցերը և ընդունում, որ խաբել է հայերին:
Վերջում ներկայացնենք նաև Թիֆլիսում միասին մի բաժակ հայկական կոնյակի շուրջ նստելու Ջոզեֆ Հարրիի առաջարկը Բահրամին: