Ա.Ղազարյան. Հայաստանը տարածաշրջանի համար պետք է լինի ինովացիոն մասնագիտությունների արտադրման երկիր
Հունիսի 21-22-ը Երևանում կանցկացվի ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը՝ խելացի լուծումներ խելացի երկրների համար կարգախոսի ներքո: Հինգերորդ անգամ անցկացվող բիզնես ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի, Վրաստանի, Սինգապուրի, Իտալիայի, ԱՄՆ-ի ընկերություններ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ֆորումին մասնակցելու համար արդեն հայտ է ներկայացրել 30 ընկերություն. ընդհանուր առմամբ սպասվում է շուրջ 60 ընկերության մասնակցություն:
Կ.Վարդանյանը նշեց, որ նման ֆորումների նպատակն է բարձրացնել բիզնեսում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մակարդակը՝ թե մասնավոր ընկերություններում, թե պետական կառույցներում: «Երբ նոր էինք սկսում, բավականին դժվար էր մեզ համար, հիմա հեռահաղորդակցության ոլորտում վիճակն էականորեն փոխվել է, փոխվել է նաև մարդկանց պատկերացումը, ինչպես նաև բիզնեսի, պետական կառույցների վերաբերմունքը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ: Կարծում եմ, որ այս տարվա ֆորումը որակապես տարբերվելու է նախորդներից»,- ընդգծեց Կ,Վարդանյանը:
Նա նաև կարևոր համարեց այն հանգամանքը, որ այս տարի ֆորումն անցկացվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ, որը միավորում է Հայաստանի այն բիզնես ոլորտը, որը տեխնոլոգիների ներդրման և ընկերությունների մրցունակության բարձրացման խնդիր է իր առջև դրել:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով՝ 2008 թ-ին, երբ առաջին անգամ տեղի ունեցավ «ԴիջիԹեք բիզնես ֆորումը, շատերը քմծիծաղ էին տալիս, չէին հասկանում, թե ինչ մասին է խոսքը, սակայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հինգ տարվա ընթացքում հասան նրան, որ Հայաստանում մենեջմենթի, ձեռնարկությունների կառավարման, տարբեր ոլորտներում ՏՏ տեխնոլոգիների կիրառումն ու մշակույթը դարձավ անհրաժեշտություն: «Այսօր խոշոր և միջին բիզնեսում չկա մեկ ընկերություն, որտեղ գոնե մեկ համակարգչային ինժեներ կամ մեկ ծրագրավորող չաշխատի: Թե արդյունաբերության, թե առևտրի, թե սպասարկման ոլորտում առանց տեխնոլոգիների կիրառման հնարավոր չէ մրցակցություն ապահովել: Հինգ տարի առաջվա վիճակը մենք համարում ենք «քարե դար»,- ընդգծեց Ա.Ղազարյանը:
Նա նշեց նաև, որ ԴիջիԹեք բիզնես ֆորումում միջազգային ընկերությունների մասնակցությունը մեկ անգամ ևս փաստում է, որ այն միջազգային նշանակություն ունի, Հայստանն այստեղ ասելիք ունի: «Հայաստանի ապագան կապված է տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի հետ»,-ընդգծեց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր որակյալ ինժեներական միտք և ինովացիոն մասնագիտությունների արտադրման երկիր պետք է լինի տարածաշրջանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան