Աշոտյան. Պետք է նախևառաջ մտածելակերպ փոխվի, որպեսզի ծնողը չպայմանավորվի դպրոցի տնօրենի հետ
Կրթության որակի խնդիրը երբեք չի կարելի լուծված համարել, քանի որ ժամանակը միշտ նոր հրամայական ու մարտահարվեր է առաջադրում՝ կրթության որակի հետ կապված: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ավելացնելով, որ թեև կրթության որակի բերելավմանը միտված մի շարք քայլեր արդեն կատարվել են, ու դրանք կլինեն շարունակական, բայց պետք է խոստովանել, որ արդյունքները դեռևս չեն համապատասխանում մեր պահանջներին ու պատկերացումներին:
Նրա խոսքով, Հայաստանում կրթության որակը տարբեր կրթական հաստատություններում տարբեր է. «Օրինակ՝ մենք ունենք միջազգային մակարդակով մրցունակություն ապահովող դպրոցներ, միաժամանակ ունենք նաև դպրոցներ, որոնք չեն բավարարում մեր ակնկալիքները»:
Մյուս կարևոր խնդիրը Ա. Աշոտյանն համարում է կրթության մատչելիությունը, որպես կրթական իրավունքի խոչընդոտ առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում:
Մատչելության խնդիրը, ըստ նախարարի, լուծված է հատկապես միջնակարգ կրթության մակարդակում, ինչը չի կարելի ասել բարձրագույն կրթության ոլորտի մասին, թեև այստեղ ևս կառավարության կողմից որոշակի քայլեր արդեն կատարվել են.
«Մի քանի տարի առաջ իրավիճակը իսկապես ահազանգող էր: Սոցիալական գործոնով պայմանավարված բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը կառավարության մի քանի որոշումներով փորձ է արվել մեղմել: «Փարոս» ծրագրում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար կառավարությունը առաջարկում է 50-100 % փոխհատուցում, ներդրվել է մատչելի ուսանողական վարկերի համակարգ, քայլերն այս ուղղությամբ լինելու են շարունակական: Քաղաքական մոտեցումը և նպատակային թիրախը հետևյալն է, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից»,- շեշտեց նախարարը:
Որպես երրորդ կարևոր խնդիր՝ Ա. Աշոտյանն առանձնացրեց կրթության արդյունավետության հարցը, մտածելակերպի և հոգեբանության փոփոխմամբ:
«Պետք է նախևառաջ մտածելակերպ փոխվի, որպեսզի ծնողը չպայմանավորվի դպրոցի տնօրենի հետ, որ իր երեխան բացակայի դասերից՝ փոխարենը գնալով կրկնուսույցի մոտ, ուսանողը հրաժարվի կաշառքով քննություն ստանալուց կամ գործատուն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տա լավ մասնագետին և ոչ թե ծանոթին, բարեկամին, հարևանին»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա