ՀԴԿ. Գտնում են, որ Սերժ Սարգսյանը կարող է կասեցնել Փակ շուկայի նկատմամբ կատարվող վանդալիզմը
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը հայտարարություն է տարածել Փակ շուկայի խնդրի վերաբերյալ:
«Երկրի իշխանությունների համար ամոթալի վիճակ է ստեղծել և շարունակում է իր ապօրինի գործողություններով հրահանգներին ու որոշումներին չենթարկվել գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Ամիսներ ի վեր Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական շուկայի տեղում, երկու տարի առաջ շենքի վերահսկողությանը տիրացած այդ անձը, անպատիժ կեցվածքով, անտեսում է հասարակության վրդովմունքն ու բողոքը:
Գործը հասել է այն բանին, որ իրավախախտին պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կառավարությանը, ՀՀ գլխավոր դատախազին մտավորականների կողմից ուղղված դիմումներն անպատասխան են մնում:
Նույն վերաբերմունքին “արժանացավ” Հայաստանի դեմոկրատական կուսակցության` ճարտարապետական հուշարձանի ճակատագրի առնչությամբ ՀՀ ճարտարապետների միության հետ միասին հրավիրված «կլոր սեղանի» հայտարարությունը:
Ստեղծված իրավիճակում գտնում ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իրեն վերապահված լիազորություններով կարող է կասեցնել մշակութային հուշարձանի նկատմամբ կատարվող վանդալիզմը: Սա ևս մեկ փորձաքար է, որով հասարակությունը որոշելու է ՀՀ իշխանության ուժն ու օրենքի առաջ որևէ մեկին արտոնություն չշնորհելու կարողությունը»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Նախագահություն
Երևան, 15.05.2013թ.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան