Ընտանիքի միջազգային օրն է. «Ընտանիքը բնության գլուխգործոցներից է»
«Ընտանիքը բնության գլուխգործոցներից է»,- համոզված է եղել ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանան:
Այսօր Ընտանիքի միջազգային օրն է: Այն նշվում է 1993 թվականից ՄԱԿ-ի ընդունած հռչակագրով: Այս օրը մեր տոնացույցում հայտնվեց 2011 թ. ԱԺ-ի որոշմամբ:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքում նշված է, որ տոնի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունն սևեռել ընտանեկան խնդիրների վրա: Այս օրվա նշումը հնարավորություն է ընձեռում բարձրացնել ընտանիքին վերաբերող հարցերի մասին տեղեկացվածությունը և խորացնել գիտելիքները սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերաբերյալ, որոնք ազդում են ընտանիքի վիճակի վրա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-Մունն օրվան ուղղված իր ուղերձում մասնավորապես նշել է. «Ընտանիքը հասարակության հիմքն է: ... Այս տարի Ընտանիքի միջազգային օրը մեզ հնարավորություն կտա փառաբանել այն հարաբերությունները, որ գոյություն ունեն ընտանիքի անդամների միջև: Բացի այդ, այն մեզ հնարավորություն կտա մտածել այն մասին, թե ինչպես են սոցիալ-տնտեսական բնագավառում տեղի ունեցող երևույթներն ազդում ընտանիքի ու նրա անդամների վրա, և ինչպիսի պատասխան քայլեր պետք է իրականացնենք ընտանիքն ամրապնդելու համար»: