Ս. Մինասյան. Գագիկ Ծառուկյանը ամրագրեց իրականությունը՝ ԲՀԿ-ին ձերբազատելով ավելորդ գլխացավանքներից
«Չեմ կարծում, որ ինչ-որ հայտարարություն կարող է փոխել այն քաղաքական իրականությունը, որ ձևավորվել է վերջին ամիսների ընթացքում: Կառավարությունը արդեն ձևավորված է, ավագանին հասկանալի է, թե ինչպես կձևավորվի, իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում չեն լինելու համապետական ընտրություններ: Ամեն ինչ ավելի քան կանխատեսելի է»,- անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կարող են լինել ընդդիմադիր և իշխանական քաղաքական դաշտում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունից հետո, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, Panorama.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Խոսելով ընդդիմադիր քաղաքական ուժերի այն ակնկալիքների մասին, որ ԲՀԿ-ն ընդգծված ընդդիմադիր քաղաքական կեցվածք կորդեգրի, քաղաքագետը նկատեց, որ իրավիճակը մի փոքր այլ էր ՀՀ նախագահի և Երևանի ավագանու ընտրություններից առաջ:
«Քաղաքական պայքար էր, և հասկանալի է, որ ակնկալիքներ և որոշակի մոտեցումներ կային անցյալ տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին: Եթե այն ժամանակ նման հարցադրում լիներ, միգուցե՝ Գագիկ Ծառուկյանը այլ կերպ պատասխաներ: Նրա ռազմավարությունը հենց այդ երկիմաստության վրա էր հիմնված. ընտրություններ էին և քաղաքական պայքար էր գնում: Սակայն նախագահական ընտրություններից հետո և որպես վերջնագիծ՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո ամեն ինչ հստակեցվել է: Գագիկ Ծառուկյանը ամրագրեց այդ իրականությունը՝ ԲՀԿ-ին ձերբազատելով ավելորդ գլխացավանքներից»,- ասաց Ս. Մինասյանը:
Փորձագետը փաստեց նաև, որ այդ քաղաքական զարգացումները ցույց տվեցին, որ ոչ միայն ընդդիմությունը, այլև ողջ քաղաքական համակարգը Հայաստանում կայացման լուրջ խնդիր ունի:
«Ընդդիմությունը բավական թույլ վիճակում է գտնվում և չի կատարում այն բալանսի դերը, որ ունի ընդհանրապես ընդդիմությունը զարգացած ժողովրդավարական երկրներում: Այդ առումով կա լուրջ խնդիր, և որի լուծումը միայն դրական կարող է լինել Հայաստանի համար»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան