Ա. Բադալյան. Ոչ իշխանական ուժերը Երևանի ավագանու ընտրական պայքարում ռազմավարական կոպիտ սխալներ են թույլ տվել
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, մյուս ոչ իշխանական ուժերը Երևանի ավագանու ընտրական պայքարում ռազմավարական կոպիտ սխալներ են թույլ տվել. նրանք քարոզարշավ են տարել, ոչ թե ընտրական կամպանիա: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիայի փորձագետ Արմեն Բադալյանը: Նրա դիտարկմամբ, ոչ իշխանական քաղաքական ուժերը մրցունակ չէին, որովհետև նրանք ընտրական կամպանիայի ընթացքում մեխը դրեցին ՀՀԿ-ին քննադատելու վրա, մինչդեռ պետք է ներկայացնեին իրենց ծրագիրը, այսինքն պետք է այնպես անեին, որ ժողովուրդն ընտրեր այսօրվա ու վաղվա Երևանի միջև:
Մ. Բադալյանի խոսքով, այդ ոչ իշխանական ուժերին նույնիսկ չի հաջողվել ժողովրդի շրջանում հստակեցել, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական է: Նա նշեց, որ ընտրողներից մեկն ընտրել է Տարոն Մարգարյանին` չիմանալով, որ նա ՀՀԿ-ական է. «Ես դեմ եմ ՀՀԿ-ին, ես ընտրում եմ Տարոն Մարգարյանին»: Ըստ նրա, նման ընտրողները շատ են եղել:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ այն կարծիքին է, որ քարոզարշավն ընդհանրապես կապ չունի. «Եթե ազատ ընտրություններ անցկացնելու հնարավորություն չկա, ընտրողը ճնշված է կամ կաշառավում է, ինչ նշանակություն ունի այս կամ այն կապմանիան: Նշանակություն ունեն քաղաքական վերնախավում գոյություն ունեցող պայմանավորվածությունները»:
Ըստ Ա. Բադալյանի, Երևանի ավագանու ընտրություններից հետո Երևանում վերջնականապես ծնվեց «պետություն պետության մեջ, կրիմինալ բուրգ, որի անդամ են փողոցի կրիմնիալը, ոստիկանությունը, համատիրությունները, թաղապետարանները, փողատերերը»: «Հայաստանում ստեղծվել է կրիմինալ էրգենեկոն»,- նման դիտարկում արեց քաղտեխնոլոգը:
Նրա խոսքով, այս պայմաններում ընդհանրապես կապ չունի ավագանի անցած ԲՀԿ-ն ու «Բարև Երևանը» կվերցնեն իրենց մանդատները, թե ոչ: «Վերցնեն, թե չեն վերցնի, զրո է, քանի որ ավագանիում ոչինչ չի որոշվում, այլ այդ կրիմինալ բուրգն է որոշումներ ընդունում, ու եթե Տարոն Մարգարյանը չհաստատի այդ որոշումները:… Նրա գործը ՀՔԾ-ում է, դրա համար կենթարկվի»,-ասաց Ա. Բադալյանը: