Նոր զորանոց, ոսկու հանքավայր. Բակո Սահակյանը Քաշաթաղում էր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև և այնտեղ ծանոթացել սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Կովսական քաղաքում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ և զրուցել նրանց հուզող հարցերի շուրջ` նշելով, որ ենթաշրջանի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծումը մշտապես կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Այնուհետև Բ. Սահակյանն այցելել է Թոնդիրգետի ոսկու հանքավայր և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Երկրի ղեկավարն ընդգծել է լեռնահանքարդյունաբերական այս գործարանի նշանակությունը Քաշաթաղի շրջանի և ամբողջ հանրապետության կյանքում` նշելով, որ այն կլուծի միաժամանակ և սոցիալ-տնտեսական, և ժողովրդագրական մի շարք խնդիրներ:
Նույն օրը Արցախի նախագահն այցելել է նաև «Հադրութի ագրոտնտեսություն» ՓԲԸ-ի Արաքսի մասնաճյուղ և ծանոթացել կառույցի աշխատանքներին: Նախագահը նշել է, որ նման ենթակառուցվածքի առկայությունն Արաքսի հովտում կնպաստի գյուղատնտեսական մեծ ներուժ ունեցող այս տարածքի զարգացմանը, ինչը նաև շոշափելի դերակատարություն կունենա հանրապետության ողջ ագրոարդյունաբերական համալիրի առաջընթացի ապահովման գործում:
Բակո Սահակյանն այցելել է նաև հանրապետության հարավում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ծանոթացել նոր զորանոցի շենքի պայմաններին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան