Դ.Դումանյանը քննարկել է դեղերը մատչելի գներով Հայաստան ներմուծելու գործընթաց սկսելու հարցը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի գերմանական հանրահայտ «ՍՏԱԴԱ» դեղագործական կազմակերպության ղեկավարության հետ այսօր կայացած հանդիպումը նպատակ ուներ նպաստելու Հայաստանում դեղերի մատչելիության բարձրացմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Հարություն Քուշկյանը:
Ինչպես տեղեկացնում են ԱՆ-ից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են եվրոպական Պատշաճ արտադրական գործունեության կանոններին (GMP) համապատասխանող դեղերը մատչելի գներով Հայաստան ներմուծելու գործընթաց սկսելու հարցը: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշել է, որ այսօր հանրապետությունում շրջանառվող դեղերի միայն 7-8% է արտադրվում Հայաստանում, իսկ մնացած մասը ներմուծվում է այլ երկրներից: Կարևորելով բնակչության համար անհրաժեշտ դեղերով ապահովվածության խնդիրը` նախարարը ողջունել է «ՍՏԱԴԱ» կազմակերպության համագործակցության նախաձեռնությունը` դրանց մատչելիության ապահովման ուղղությամբ:
Նախարարը «ՍՏԱԴԱ» կազմակերպության խորհրդի անդամներին է ներկայացրել ուռուցքաբանության ոլորտում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող մեծածավալ ծրագրերը։ Մասնավորապես` անդրադարձել երկրում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացման նպատակով նոր կենտրոնների ստեղծմանը` այդ ենթատեքստում առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով հակաուռուցքային դեղերի առավել մատչելի գներով ձեռքբերումը։
Նա նաև հույս է հայտնել, որ «ՍՏԱԴԱ» կազմակերպության հետ նոր սկսվող համագործակցության արդյունքները կզգացվեն մոտ ապագայում:
Միաժամանակ Դ.Դումանյանն իր գոհունակությունն է հայտնել Հեյդելբերգի համալսարանական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Քրիստոֆ Զոնի կողմից վերջին տարիներին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի բուժման գործում կատարված ներդրման և բազմաթիվ հայ կանանց կյանքի որակը բարելավելու կապակցությամբ:
Պրոֆեսոր Զոնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել այդ ծրագիրը շարունակելու, ինչպես նաև հայ-գերմանական ասոցիացիայի հիմնադրման շրջանակներում ուռուցքաբական կենտրոնի հետ համագործակցության նոր ծրագիր սկսելու առումով։
Աղբյուրը նշում է , որ «ՍՏԱԴԱ» կազմակերպությունը հիմնադրվել է 1895 թվականին Գերմանիայի Դաշնության Դրեզդեն քաղաքում: ՍՏԱԴԱ-յի ավելի քան 15 հազար արտադրատեսակները հիմնականում շրջանառվում են Գերմանիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Բելգիայի և Իսպանիայի շուկաներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու