Վահագն Խաչատրյան. Գազասպառողների թիվը կնվազի 35-40 տոկոսով
Գազի թանկացման հետևանքով գազասպառողների թիվն անկասկած նվազելու է: Panorama.am-ին նման համոզմունք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա հաշվարկներով, եթե երկու տարի առաջ նրանց թիվը նվազել է 18 տոկոսով, ապա` 25 տոկոսով, հիմա կարող է այդ թիվը նվազել 35-40 տոկոսով:
«Շատ էինք բարձրաձայնում, որ Հայաստանը ամենագազաֆիկացված երկիրների թվում է: Ո՞ւմն է պետք այդ գազաֆիկացված հանրապետությունը, եթե մարդիկ չեն օգտագործում այդ գազը: Ո՞ւմն են պետք այդ կապիտալ ներդրումները, որ կատարվեցին նաև մեր քաղաքացիների հաշվին: Ի վերջո գազաֆիկացումը ո՞ւմ հաշվին է տեղի ունեցել: Ո՞վ է տան ջեռուցումը անցկացրել, ո՞վ է «բաքսիներ» առել: Դրանք մարդիկ անում են իրենց տարեկան հաշվեկշռի հաշվին, չէ՞: Հաշվարկում են, 2 հազար դոլարով ջեռուցման համակարգ են անցկացնում, մտածում են` ձմռան սեզոնին ամիսը 50 հազար դրամ կվճարեն, տունը կտաքացնեն ու այդ հաշվարկով նորմալ են համարում: Բայց հիմա ո՞նց անեն, 50 հազարը դառնում է 100 հազար դրամ, մարդը փոշմանում է, որ 2 հազար դոլար է ծախսել ջեռուցման համակարգի համար: Ամենագազաֆիկացավը կդառնա ամենագազաֆիկացված չօգտագործվող: Ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը, ինչ որ արվել է, կդառնա մետաղի ջարդոն»,-ներկայացրեց Վ. Խաչատրյանը:
Նրա խոսքով, այդպիսով համակարգը կորցնում է իր օպտիմալությունը: Տնտեսագետը չի բացառում, որ այդ կորուստները «Հայռուսգազարդ» ընկերությունը մտցնի սակագնի հիմնավորման մեջ:
«Օրինակ ասենք, որպեսզի ես կարողանամ Երևանից Գյումրի գազը հասցնեմ,բոլոր գյուղացիները որ չեն ծախսում, ես կորուստ եմ ունենում, այդ կորուստ կմտցնեմ գնի մեջ»,-«Հայռուսգազարդ»-ի հնարավոր հիմնավորումն այսպես ներկայացրեց Խաչատրյանը:
Վ. Խաչատրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ: