Վանաձորում սպանել են Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդուն. Հարուցվել է քրգործ
Մայիսի 15-ին գիշերը դաժան սպանություն է տեղի ունեցել Վանաձորում. Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 15-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով հիվանդանոց է ընդունվել տղամարդու դիակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը Վանաձորի Բաղրամյան փողոցում սպանել է 35-ամյա Թովմա Մաթևոսյանին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 21/15 հասցեում գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ, վիճաբանության ժամանակ, Թ. Մաթևոսյանին սուր-կտրող-ծակող գործիքով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել և սպանել է 37-ամյա Տիգրան Մ.-ն:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի հատկանիշներով` «սպանություն», կատարվում է նախաքննություն:
Թովմա Մաթևոսյանը Ահնիձոր գյուղի բնակիչ է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ահնիձոր գյուղի գյուղապետ Վանիկ Քառյանը տեղեկացրեց, որ Թովմա Մաթևոսյանը հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին է, որը ճիշտ է իրենց գյուղի բնակիչ է, սակայն արդեն մի քանի տարի է` ապրում է Վանաձորում, աշխատում անտառտնտեսությունում ու Մոտկորի անտառապետն է եղել: Իսկ սպանություն կատարելու համար մեղադրվողը աշխատում է ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության տեսչության Վանաձորի տարածքային բաժնում՝ որպես էկոլոգիայի տեսուչ: