Քաղաքագետ. Բողոքն ապստամբության չի վերածվի, քանի որ չկա ուժեղ ընդդիմություն
Երևանի ավագանու ընտրություններից հետո քաղաքականությունը փողոցից կանցնի խորհրդարան և մամուլ: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ չորս տարիների ընթացքում կընթանա քաղաքական դաշտի բյուրեղացում, որտեղ դոմինանտը շարունակելու է մնալ բոլոր երեք խոշոր ընտրություններում հաղթած Հանրապետական կուսակցությունը:
Միաժամանակ, ըստ բանախոսի, սա կարևոր մի շրջան է նաև ընդդիմության համար: «Ներկայում կարելի է ասել, որ ընդդիմության դաշտում քաոսային վիճակ է, այն համարյա չկա: Ընդդիմությունը պետք է այս չորս տարվա ընթացքում կառուցեր նաև աշխատաոճ, քանի որ հինը կենտրոնացած էր ընտրությունների վրա: Նույն մեթոդներով աշխատելն անիմաստ է, պետք է նոր քայլեր անել: Իսկ այն ինչ հիմա կատարվում է քաղաքական դաշտում՝ դա բրենդինգ է, որը սկզբում միավորում էր «բոլորին ընդդեմ», իսկ այժմ՝ «բոլորը՝ հանուն», - ասաց նա, հավելելով, որ ուժեղ ընդդիմությունը պետք է ոչ թե իշխանություններին, այլ՝ պետությանը:
Նրա կարծիքով՝ ՀԱԿ-ը և ընդդմադիր դաշտի մյուս ընդդիմադիր կուսակցությունները կորցնում են իրենց ընտրազանգվածն աշխատանքի հին ոճի պատճառով: «Պետք չէ ապրել միայն ընտրություններով, և այսօր դեռ մնում է անհայտ՝ արդյոք կլինի՞ նոր որակյալ և ուժեղ ընդդիմություն»:
Անդրադառնալով հասարակական դժգոհություններին, քաղաքագետը նշեց, որ սոցիալական բողոքը քաղաքականության վերածելը բարդ գործընթաց է, բայց շատ կարևոր: «Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել էր երեսունից ավելի տոկոս ձայն այն դեպքում, որ չէին հավատում նրա հաղթանակին, ըստ իս՝ հենց այդ սոցիալական բողոքի հետևանք է», - ասաց նա, բացառելով, որ հասարակական դժգոհությունը կվերածվի լուրջ որևէ ցույցերի կամ ապստամբության, առավել ևս որ դրա համար չկա հարմար որևէ քաղաքական ուժ:
Ինչ վերաբերվում է թանկացումների, ապա այդ տեսանկյունից, Ալ.Իսկանդարյանն ասաց. «Իսկ որևէ մեկի համար կասկածելի՞ էր, որ ընտրություններից հետո պետք է գնաճ լիներ: Հինգ տարի այդ սուբսիդավորումն ու գնաճի պահելը միտված էր հենց այս ընտրությունների համար»: