Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն առնչվող քրեական գործի մասին լուրը
Վայոց Ձորի նախկին մարզպետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն վերաբերող քրեական գործի մասին լուրը, որի գոյությունը երեկ պաշտոնապես Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց:
Նշենք, որ երեկ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հաստատել է Վայոց Ձորի նախկին մարզպետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը։ Մասնավորապես, լրատվամիջւոցի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի, մարզի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանի և մարզի մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ մասի 1-ին կետերով։ Քրեական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 2-ին՝ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա: Ըստ ՀՔԾ-ից ստացված տեղեկատվության, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գորրծը ստացել է 03.05.2013թ. եւ քննության ներկա փուլում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական անհետաձգելի գործողություններ:
«Ես նորից հերքում եմ, իսկ մնացածը քննչական մարմինների հետ, խնդրում եմ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական գործիչը:
Բայց ՀՔԾ-ն հաստատել է, պարոն Բագրատյան:
ՀՔԾ-ն հաստատել է, ուրեմն ՀՔԾ-ից էլ ճշտեք, ես ի՞նչ մեղք ունեմ: Ես այդ քրեական գործին որևէ առնչություն չունեմ:
Փաստորեն Հատուկ քննչական ծառայությունը սխալ տեղեկություն է տարածե՞լ:
Եթե վաղը Ձեր վրա քրեական գործ հարուցեն, ես կարո՞ղ եմ Ձեզ հարցնել` ինչ մեղք ունեք (ծիծաղում է-հեղ.): Ես որևէ բան չեմ կարող ասել, ես միայն գիտեմ, որ ես այդ գործի հետ կապ չունեմ:
Պարոն Բագրատյան, հստակ նշվում է Ձեր անունը և անհասկանալի է Ձեր համառությունը, երբ պնդում եք, թե կապ չունեք:
Հազարավոր մարդկանց անուններ կարող է նշվել տարբեր քրեական գործերով, հետո պարզվում է, որ այդ մարդիկ կապ չունեն: Կարող է քրեական գործ կա, բայց ինձ հետ չի առնչվում:
Կարելի՞ է ասել, որ կա գործ հարուցված, բայց դուք չեք ընդունում Ձեզ մեղսագրվող հանցանք(ներ)ը:
Ես չգիտեմ` գործ կա՞, թե չկա, ես գիտեմ, որ նման գործի հետ առնչություն չունեմ:
Ձեզ կանչե՞լ են հարցաքննության:
Չէ, դրա իմաստը չկա չէ՞ որ չեն կանչում և նպատակահարմար չեն գտնում ինձ կանչելու, որովհետև եթե վերլուծեն, կտեսնեն, որ ես կապ չունեմ: Հետո` որ կանչեին հարցաքննության, դուք կիմանայիք այդ մասին:
Իսկ ովքե՞ր կապ ունեն:
Դա արդեն քննչական մարմինների գործն է:
Ավելի վաղ, երբ Բագրատյանին առնչվող քրեական գործի մասին լուրերը դեռ պաշտոնապես չէին հաստատվել, Panorama.am-ը դարձյալ խոսել էր ԲՀԿ-ական գործչի հետ, և նա դարձյալ հերքել էր` ասելով, որ դրանք «Գյուլնազ տատի հեքիաթներն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները