Orange Հիմնադրամը տրամադրել է կրթաթոշակներ Գավառի և Իջևանի համալսարաններում
Շարունակելով համագործակցությունը Հայաստանի համալսարանների հետ` Orange Հիմնադրամնը կրթաթոշակներ է տրամադրել Գավառի Պետական Համալսարանի և Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղի 18 ուսանողների:
«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները»,-ասել է Orange Արմենիա Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, համալսարաններին Orange Հիմնադրամը փոխանցել է 2,000,000 դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ տրամադրվել են կրթաթոշակներ 9 համալսարաններում:
Համալսարանների հետ Orange-ի համագործակցությունը չի սահմանափակվում կրթաթոշակների տրամադրմամբ. բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական և վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար:
Գավառի Համալսարանում նաև մեկ տարի առաջ Orange-ի կողմից ստեղծվել է անվճար WiFi-ով զինված ինտերնետ անկյուն, որն ուսանողներին և համալսարանի աշխատակիցներին թույլ է տալիս ինտերնետից օգտվել ինչպես կրթական, այնպես էլ ժամանցային նպատակներով:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է երկու տարի առաջ: 2011-12 ուսանողական տարվա ընթացքում Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-13-ին՝ 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում: