Քաղաքացիների կարծիքով, դատարաններում կոռուպցիա կա. Դեպարտամենտի պաշտոնյան` համակարգի խնդիրների մասին
«Եթե դատավորների նկատմամբ այժմ կա 59 տոկոս վստահություն, նշանակում է, որ պետք է անել ավելին, որպեսզի վստահության թիվն ավելանա», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով դատաիրավական ոլորտում կատարված նոր հետազոտության արդյունքները, ասաց ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ Panorama.am-ը հրապարակել էր Դատաիրավական բարեփոխումների 2-րդ ծրագրի շրջանակներում կատարված «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփընի»-ի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները և Հայաստանի դատարանների հետ երբևէ առնչություն ունեցած և չունեցած քաղաքացիների շրջանում կատարված հարցման արդյունքներով, նրանց 50.9 տոկոսը հիմնականում վստահում են երկրի դատարաններին, լիովին վստահում են հարցվածների ընդամենը 8.2 տոկոսը, հիմնականում չեն վստահում 20.3 տոկոսը, իսկ բոլորովին չեն վստահում 18.0 տոկոսը:
Բաբայանը միջինացնում է թվերը և նշում. «Ընդհանուր չվստահողները շատ ավելի քիչ են, քան ընդհանուր վստահողները: Երկու բևեռային կարծիք կա: Բայց հաշվի առնելով այն, որ հարցման արդյունքներով քաղաքացիների 58.9 տոկոսը նաև գտել է, որ դատավորները բարեկիրթ են ու քաղաքավարի, ապա կարելի է ընդհանուր ասել, որ դատարանների նկատմամբ դրական վերաբերմունքը հասնում է 60 տոկոսի»:
Սակայն, Դատական դեպարտամենտի պաշտոնյայի խոսքով, դատական բարձրագույն իշխանությունը դա լավագույն ցուցանիշ չի համարում և կանգ առնում դրա վրա. «Աշխատելու տեղ շատ կա»:
Այս հետազոտության գրանցած արդյունքներին զուհագեռ, մեր զրուցակիցը հորդորում է չմոռանալ մի օրինաչափություն` ցանկացած դատական գործը ունի երկու կողմ, և կողմերից մեկը պետք է դժգոհ մնա: «Եթե նկատի ունենանք հայերի սուբյեկտիվ մտածելակերպը, ապա հայտնի է, որ նրանք հիմնականում չեն ընդունում իրենց սխալը կամ թերությունը: Եթե քաղաքացիները դիմել են դատարան և պարտվել են, անկախ նրանից, իրենք սխալ են, թե ճիշտ են, դժգոհ են», -նկատեց նա: Դրա պատճառը, ըստ Բաբայանի, այն է, որ, մի կողմից, մարդկանց իրավագիտակցության մակարդակն է ցածր, իսկ որոշ դեպքերում էլ ներկայացուցիչ փաստաբաններն են մոլորեցնում իրենց վստահորդներին:
«Շատ են դեպքերը, երբ փաստաբաններըն ամեն կերպ թաքցնում են, երբեք չեն ասում, որ տվյալ գործով իրենք շանսեր չունեն, քանի որ օրենքն այլ բան է նախատեսում: Բայց իհարկե, շատ պարկեշտ փաստաբաններ էլ կան, որ ի սկզբանե են ասում` այս գործով մենք շանսեր չունենք: Հանրության կարծիքի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում նաև փաստաբանների խարդախ գործողությունները` փող են վերցնում, իբր դատարանում հարցը լուծելու համար: Նման դեպքերով կան դատապարտվածներ», -փոխանցեց Արսեն Բաբայանը:
Դատարանների կոռուպցիայի մասին
ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ընդհանուր դրական ցուցանիշների համատեքստում հիշատակում է դատարաններում կոռուպցիայի վերաբերյալ նույն հարցման արդյունքները: Այսպես. նույն ուսումնասիրության համաձայն, դատարանների հետ երբևէ առնչություն ունեցած կամ չունեցած քաղաքացիների շուրջ 70 տոկոսը կարծում է, որ դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքար չի մղվում:
Արսեն Բաբայանի խոսքով, հարցման այս պատկերը կարող է մի քանի պատճառ ունենալ. Նախ այն, որ լայնորեն չի լուսաբանվում դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը: Իրավախախտումների դեմ պայքարի շրջանակներում մեր զրուցակիցն ասաց, որ այնուամենայնիվ, 2012 թվականին Հանրապետությունում դատավորների 10 տոկոսը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել, իսկ արդեն այս տարվա ընթացքում 10-ից ավելի դատավոր է կարգապահական տույժ ստացել, որից մեկը ազատվել է աշխատանքից: «Դատարանների հետ առնչություն ունեցած և չունեցած քաղաքացիների միջև կատարած հարցումներին եթե նայում ենք, պարզ է դառնում, որ դատարանների հետ գործ ունեցած քաղաքացիները ավելի շատ են հավատում դատարաններին, քան դատարանների հետ չշփված քաղաքացիները: Բնականաբար, դատարանների հետ գործ չունեցած քաղաքացիների կարծիքի վրա ազդում են այլ աղբյուրներ` հարևաններ, բարեկամներ, ԶԼՄ-ներ և այլն», -նկատեց Բաբայանը: Հետազոտությունն անցկացնող ընկերության հաշվետվության համաձայն հարցվածների մեծամասնությունը հիմնավոր պատճառներ չունի կոռուպցիայի դեմ պայքարի մասին նման վերաբերմունքի համար:
2009-ին կատարված նույնատիպ հետազոտության արդյունքների համաձայն, 2010-2012 թվականների այս հետազոտության արդյունքները, դատական դեպարտամենտի պաշտոնյայի խոսքով, փայլուն չեն: «2009-ի տվյալների հետ համեմատ, այս հետազոտությունը ցույց տվեց, որ լուրջ բարեփոխումներ իսկապես կատարվել են, բայց դրանք բավարար չեն. Եթե 2009-ին 49 տոկոսն էր վստահում դատարաններին, ապա այժմ` 51-59 տոկոսը: Իհարկե, իրավիճակը փայլուն չէ և անելիքներ դեռ շատ կան, բայց փոփոխությունների դրական միտումն ակնհայտ է»- փաստեց Արսեն Բաբայանը:
Դատական իշխանությունը մտորում է հանրության կարծիքը փոխելու շուրջ
«Հանրային կարծիքի մոնիտորինգի այս հաշվետվության մեջ կան շատ լավ ձևակերպված մտահոգություններ կան ու առաջադրված խնդիրներ և մենք փորձելու ենք աշխատել խնդիրները վերացնելու ուղղությամբ», -ասաց Արսեն Բաբայանը: Նրա խոսքով, առաջին հերթին պետք է հանրության շրջանում լայնորեն լուսաբանել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունները: Նրա խոսքով, դատական իշխանությունն ուսումնասիրում է ցանկացած օբյեկտիվ վերլուծություն, այդ թվում նաև այս փաստաթուղթը:
«Շատ ուրախ կլինեմ, որ այս փաստաթղթի շուրջ համախմբվեն իրավական համակարգի բոլոր մարմինները` դատական իշխանություն, դատախազություն, ԴԱՀԿ, ոստիկանություն, աշխատանքային խումբ ստեղծեն և հետազոտություն կատարողների հետ հաատեղ կարողանան հասկանալ` ինչ անել, որ վերացվեն բոլոր թերություններն ու խնդիրները », հավելեց մեր զրուցակիցը:
Այս շարքից տես նաև` Մարդիկ շարունակում են չվստահել Հայաստանի դատարաններին. Նոր հարցում
Դատարաններում գործերն սկսել են արագ քննել. Նոր հարցում
Օդում արդարության չափաբաժինը մեծացել է. Հրայր Թովմասյանը` դատարանների նկատմամբ վստահության հարցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան