Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ
Մայիսի 1-ից հանրապետությունում գործունեության մեջ է դրվել հղիների և ծննդաբերողների ուղեգրման նոր կարգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Նա նշեց, որ նոր կարգի ներդման նպատակն է բարձրացնել բուժօգնության մատչելիությունը, ապահովել նախածննդյան և ծննդաբերական բուժօգնության շարունակականությունը, բուժօգնությունը դարձնել տարբերակված և անհատական: Սա, ըստ Գ.Ավագյանի, նշանակում է, որ եթե հղին 9 ամիս նախածննդյան հսկողությունը ստացել է ըստ բնակության վայրի, և նրա հղիությունը ընթացել է նորմալ, առանց շեղումների և չունի որևէ հիվադություն, այսինքն` կինը առողջ է և նրա ծննդաբերությունը չի պահանջում միջամտություն, այլ` հսկողություն և աջակցություն, ապա այդ դեպքում այդ բուժօգնությունը տվյալ կինը կարող է ստանալ իր բնակության վայրում գտնվող հիվանդանոցում: Իսկ եթե հղի կինն ունի որևէ հիվանդություն, հղիության ընթացքը բարդացել է, ապա այս դեպքում հղին ուղեգրվում է մայրաքաղաքի երրորդ մակարդակի բժշկական հաստատություն, որտեղ նրան պետք է ցուցաբերվի հատուկ հետազոտում և նեղ մասնագիտական օգնություն: Երրորդ մակարդակի բուժհաստատությունը համարվում է այն, որը կարող է իրականացնել նեղ մասնագիտական հատուկ հետազոտություն և բուժում պահանջող միջամտություններ:
Գ.Ավագյանը հայտնեց, որ մինչ այս կարգի ներդրումը Երևանին մոտ գտնվող մարզերի` Արմավիր, Կոտայք, Արարատ և Արագածոտն, հղիներն իրենց իսկ ցանկությամբ նախընտրում էին ծննդաբերել մայրաքաղաքում: Արդյունքում, Երևանում ծնունդների 30 տոկոսը այդ չորս մարզերի հղիների հաշվին էր տեղի ունենում, իսկ նոր կարգի ներդրումով արդեն այդ ցուցանիշը նվազել է ` հասնելով 20-24 տոկոսի:
Հարցին, թե դրանով արդյոք չի ոտնահարվում հղի կնոջ իրավունքը, ի վերջո հղին պետք է որոշի` որտեղ ու ում մոտ ծննդաբերի, Գ. Ավագյանը նշեց, որ իրավունքի ոտնահարում չկա, որտեղ ապրում է կինը, ֆինանսավորումն էլ տարածքային հիմունքով է կատարվում, իսկ եթե կինը ցանկանում է Երևանում ծննդաբերել, ապա կարող է իր նախածննդյան հսկողությունը կազմակերպել Երևանում: «Բուժօգնությունը կազմակերպվում է տարածքային տերիտորիալ սկզբունքով: Այսինքն` եթե կինը 9 ամիս ստացել է իր նախածննդյան բուժօգնությունը տվյալ մարզի բուժհաստատությունում և այդտեղ գիտեն նրա խնդիրները, ապա բուժօգնության շարունակականության նպատակով այն անձինք, որոնք մասնակից են եղել նրա նախածննդյան հսկողությանը` հաջողությամբ կարող են իրականացնել նաև նրա ծննդաբերությունը»,- ասաց Գ.Ավագյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն կանանց, ովքեր ցանկանում են ծննդաբերել Երևանում, ապա այս դեպքում, ծննդաբերությունը չի իրականացվի պետպատվերի շրջանակներում: Եւ, ինչպես մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետն է ասում` դրա համար նա կծախսի նվազագույն գումար` 40 հազար դրամ: «Իսկ եթե հղիի մոտ կան բարդություններ, որոնց համար կպահանջվի հատուկ մասնագիտական բուժօգնություն, ապա պարտավոր են նրան ուղեգրել Երևանի բուժհաստատություն: Ուղեգրելուց հետո բուժօգնությունը լինելու է անվճար: Դա պաշտոնապես եմ հայտարարում»,- ընդգծեց Գ.Ավագյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե մարզերում չկան նորմալ բուժհասատություններ և համապատասխան մասնագետներ, Գ.Ավագյանը նշեց, որ մարզերի հիվանդանոցները վերանորոգվում և վերազինվում են, և մարզերում այսօր աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու