Ա. Հովհաննիսյան. Աշխատանքից ազատվել են բարձրաստիճան զինվորականներ
Այսօր առավոտյան պաշտպանության նախարարի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, մի շարք բարձրաստիճան զինվորականներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր առավոտից զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները զինվորի դին փորձում էին բերել Երևան, կառավարության առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար, սակայն իրավապահ մարմինների ծառայողները Սևանի ճանապարհին նրանց չեն թույլ տվել շարժվել Երևան: Այս պահին հարազատները, գյուղացիները, նախարարն ու ոստիկանապետը հետ են վերադառնում գյուղ` հուղարկավորելու զինվորին:
Ըստ նախաքննության տվյալների՝ մայիսի 15-ին ժամը 15:30-ի սահմաններում թիվ N զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ.Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել է, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել Նոյեմբերյանի քաղաքային հիվանդանոց:
Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբի:
15.05.2013թ.-ին Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողներրը:
Այսօր՝ որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին