«Ատլետիկոն» հաղթեց «Ռեալին» և նվաճեց Իսպանիայի գավաթը (Տեսանյութ)
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը «Ռեալի» համար այս մրցաշրջանում ինչ-որ բան նվաճելու վերջին հնարավորությունն էր: Բոլորը, ի դեպ, մինչ այդ խոսում էին, որ Մոուրինյոն ընդամենը այդ մրցանակը կունենա: Բայց պարզվեց, որ նույնիսկ գավաթը բաժին չի հասնի նրան: «Ատլետիկոն» այս անգամ նման էր այն «մկանը», որին «մեծ եղբայրը» երկար տարիներ այս ու այն կողմ է քշում, բայց նա վերջապես ամրանում է ու պատասխան հարվածը հասցնում այն ժամանակ, երբ նրանից դա չեն սպասում:
Խաղը սկսվեց ստանդարտ սցենարով: «Ատլետիկոն» գոլ բաց թողեց Ռոնալդուից խաղի սկզբում, ինչը վստահության ու համարձակության պակասի հետևանք էր: Բայց «Ռեալն» այսպիսի խաղերի այնքան «փորձ» ունի, որ գրեթե կանգնեց` նախաձեռնությունը զիջելով մրցակցին: Եվ այդ ժամանակ «Ատլետիկոն» վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Աչքի ընկավ Դիեգո Կոստան:
Այնուհետև Դիեգո Սիմեոնեի սաներն այլևս չսկսեցին դողալ ու սխալվել, այլ հավասարի պես պայքարեցին «Ռեալի» հետ` պարտադրելով նրան առանց պահերի խաղ` հարվածների փոխանակմամբ: Դրանք ավելի վտանգավոր էին «Ռեալի» ֆուտբոլիստների կատարմամբ. երեք դրվագում գնդակը դիպավ դարպասաձողին: Բացի այդ, «Արքայական թիմը» ևս երեք գոլային պահ ստեղծեց, սակայն իրենց թիմին վերահաս գոլերից փրկեցին Թիբո Կուրտուան և Խուանֆրանը: Բայց «Ատլետիկոն» ցուցադրեց այն, ինչը նախկինում չէր դրսևորել. խոսքը հոգեբանական տեսանկյունից հավասար պայքարի մասին է:
Հավասար արդյունքի պայմաններում թիմերը փորձում էին ավելի ու ավելի զգույշ գործել և խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ: Այդ ժամանակ Մոուրինյոն կրքերին ազատություն տալու պատճառով հեռացվեց մարզչական նստարանից: Այնուհետև խաղադաշտից հեռացվեցին Ռոնալդուն (114) ու Գաբին (120+5): Սակայն այդ իրադարձություններից առաջ վերջնական հաշիվն արդեն ձևակերպվել էր. 99-րդ րոպեին Միրանդայի խփած գոլը, ինչպես պարզվեց հետագայում, հաղթական էր «Ատլետիկոյի» համար: