Զինծառայողների միջև վեճն սկսվել է «պզուկ» բառից. Պնախարարը պատմել է հարազատներին
Նոյեմբերյանի զորամասում սպանության հետևանքով մահացած երիտասարդ զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները Սևան-Երևան ճանապարհի տվյալ հատված այցելած Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից ցանկանում էին լսել, թե դեպքի մասին ինչպե՞ս են իրեն զեկուցել: Նախարարը, «Haynews.am»-ի փոխանցմամբ պատմել է. «Վեճը սկսվել է պզուկից, տղան ասել է` ինձ մի վիրավորի, նա ասել է` չեմ վիրավորում, դու ո՞վ ես ու կրակել է»:
Ըստ աղբյուրի, նախարարի այս խոսքից հետո մահացածի հարազատները հայտարարել են, որ դա էլ ուզում էին լսել նախարարից, որ իրենց տղան ոչ թե մահացել է անզգուշության հետևանքով, այլ եղել է դիտավորյալ սպանություն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ սպանված զինծառայողի հարազատները փակել էին Սևան-Երևան ճանապարհը և ցանկանում էին որդու դին բերել Հանրապետության հրապարակ, կառավարության շենքի առջև: Սական ոստիկանության ծառայողները թույլ չէին տվել, և դեպքի վայր էին անմիջապես մեկնել Պնախարար Սեյրան Օհանյանը ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հարազատների հետ բանակցություններից հետո նրանք որոշեցին վերադառնալ Վերին Գետաշեն և կազմակերպել տղայի հուղարկավորությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, մայիսի 15-ին Ստեփանյանի ծառայակից Դավիթ Խաչատրյանը ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել և որպես կասկածյալ հարցաքննվել է:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում և այլ անհետաձգելի քննչական ու դատավարական գործողություններ, հետազոտման համար վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, ինչպես նաև հարցաքննվել են պահակախմբի՝ դեպքի պահին պահակակետում գտնված բոլոր զինծառայողներրը:
Այսօր, մայիսի 18-ին, որոշում է կայացվել Դավիթ Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քր. օր-ի 112 հոդ-ի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչպես նաև որոշում է կայացվել Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան ներկայացնելու մասին:
Դավիթ Խաչատրյանը պահվում է ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի մեկուսարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին