Սմբատ Լպուտյան. «Շախմատը զարգանում է ամբողջ հանրապետությունում»
Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացած Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում ելույթ ունեցավ նաև ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Նա խոսեց ֆեդերացիայի բազմաբնույթ աշխատանքների մասին, որոնք բաժանել էր 3 խմբի, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնք լուծելու դեպքում հայկական շախմատը մեծ քայլերով առաջ կընթանա:
«Վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանի շախմատային ֆեդերացիան բազմաբնույթ աշխատանքներ է կատարել: Դրանցից առաջինը` մասսայականությունն է: Վերջին 12 տարիներին մենք կարողացանք մարզերում ունենալ նոր շախմատային օջախներ: Այսօր դրանց թիվն ամբողջ Հայաստանում հասնում է 48-ի, ինչը շատ կարևոր է շախմատը մասսայականացնելու համար:
Մենք հպարտանալու տեղ ունենք, քանի որր Հայաստանն առաջին պետությունն էր, որ կարողացավ շախմատն ընգրկել դպրոցներում` որպես պարտադիր առարկա: Բոլոր դպրոցներում կան շախմատի սենյակներ, գույք, սեղաններ, տպագրվել են շախմատային բազմաթիվ գրքեր և այլն: Ունենք 1900 ուսուցիչ, ովքեր շարունակում են վերապատրաստվել:
Շախմատն այն մարզաձևն է, որն օգնում է երեխաների մտածողության, տրամաբանության զարգացմանը:
Բացի այդ, շախմատը, երբ ընդգրկվեց դպրոցներում, որպես հիմնական առարկա, մեզ հնարավորություն տվեց անցկացնել շախմատի դպրոցական օլիմպիադաներ: Արդեն կես տարի է անցկացնում ենք նման միջոցառումներ, որոնց մասնակցում են շուրջ 15.000 դպրոցականներ: Ծաղկաձորում կայացած վերջին օլիմպիադայի եզրափակչում հաղթանակ տոնեց Արտաշատի ավագ դպրոցը, և սա խոսում է այն մասին, որ շախմատը ամբողջ հանրապետությունում է զարգանում»,- ասաց Լպուտյանը:
Մարզերում շախմատի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին խոսելիս Սմբատ Լպուտյանը նշեց, որ առաջատար դիրքերում են Շիրակը, Լոռին ու Կոտայքը, իսկ մյուս մարզերում դեռ որոշակի խնդիրներ կան, որոնք լուծելու դեպքում մասսայականությունն այնտեղ կակտիվանա և նրանք կկարողանան հասնել առաջատար մարզերին:
Արցախի մասին խոսելիս ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը փաստեց, որ 2012 թ. այնտեղ ևս շախմատը դպրոցներում դարձել է պարտադիր առարկա և, հուրախություն բոլորիս, արդեն ունենք արցախցի մեկ գրոսմայտեր` Հովիկ Հայրապետյանը:
Սմբատ Լպուտյանը խոսեց նաև հայկական շախմատում առկա խնդիրների մասին, որոնցից առաջինը` երեխաների հոսքն է դեպի շախմատ, որը երբեմն հնարավոր չի լինում վերահսկել` որակյալ մարզիչների, մրցավարների և ուսուցիչների բացակայության պատճառով: Հարկավոր է ունենալ կենտրոն, որն էլ կվերահսկի բոլոր այդ աշխատանքները: Մյուս խնդիրը շախմատային ամսագրի բացակայությունն է, որը կլուսաբանի Հայաստանի հավաքականի և անհատական շախմատիստների հաղթանակները:
«Մենք պարտավոր լուծել այս խնդիրները, իսկ մնացած ամեն ինչ շախմատում ձեռքբերումներ են: Վերջին 2 տարիների ընթացքում ունեցանք 3 գրոստմայստեր` Հովհաննես Գաբուզյան, Կարեն Գրիգորյան և Հովիկ Հայրապետյան, 6 միջազգային վարպետ, 13 ՖԻԴԵ-ի վարպետ, 6 ՖԻԴԵ-ի մարզիչ, 1 միջազգային մրցավար և 1 ՖԻԴԵ-ի մրցավար, անցկացրել ենք 11 միջազային մրցաշարեր: Ուրախալին այն է, որ մրցաշարերը կազմակերպվում են Երևանից դուրս, ինչը նպաստում է մարզերում շախմատի զարգացմանը: Եվ, իհարկե, ունենք 2 հրաշալի հաղթանակ, որոնք մեզ պարգևել է տղաների մեր հավաքականը:
Անհատական ունեցել ենք 30-ից ավելի հաղթանակներ: Կառանձնացնեմ Լևոն Արոնյանի փայլուն հաղթանակները: Պատանի շախմատիստներից էլ եմ գոհ, ունենք թիմային հաղթանակներ` 3 ոսկի, 4, արծաթ և 1 բրոնզ: Կարելի է վստահաբար ասել, որ արդյունքները գոհացուցիչ են»,- նշեց Սմբատ Լպուտյանը: