Անդրեաս Ղուկասյան. Մինչև այս տարվա վերջ մտադիր ենք ստեղծել նոր քաղաքական կուսակցություն (Տեսանյութ)
Երկրում քաղաքական և տնտեսական ճգնաժամ է, և այսօր հասարակության մեջ առկա է կրիտիկական մթնոլորտ, որը կարող է բերել լուրջ բախումների: Այսպիսի կարծիք այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:
Ըստ բանախոսի՝ ներկայումս խիստ անհրաժեշտ է վերադասավորել ընդդիմության դաշտը, վերակառուցել գոյություն ունեցող կուսակցություները:
«Ընդդիմությունը պետք է համալրվի նոր կուսակցություններով: Ներկայիս քաղաքական համակարգն իր դարն ապրել է: Հենց կուսակցություններն են ցույց տալիս իրենց անկարողությունը լինել թափանցիկ և ժողովրդավարական: Մենք այսօր միտում ենք տեսնում, որ նույնիսկ օրենսդրական փոփոխություններն են փորձում անել այնպիսին, որ բոլոր թեկնածուներն ու ընտրողները լիովին լինեն իրենց վերահսկողության տակ: Կուսակցաշինական ոլորտում անհրաժեշտ են նոր մոտեցումներ, պետք է ստեղծել նոր և մրցունակ ուժեր, բայց առանց ժողովրդական ուժերի ոչ մի ապագա չկա», - ասաց բանախոսը:
Անդրեաս Ղուկասյանը նաև հայտնեց, որ անձամբ կիսում է սոցիալ – դեմոկրատական գաղափարախոսությունը, բայց անձամբ գործող որևէ կուսակցությանը չի անդամակցի, ավելին: «Մինչև այս տարվա վերջ մտադիր ենք ստեղծել նոր քաղաքական կուսակցություն», ասաց նա, շեշտելով, որ անձամբ մտադիր չէ գլխավորել այն:
Ըստ ՀՀ նախագահի նախկին թեկնածուի՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այս երկու տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրական գործընթացին, կեղծ ընդդիմությունն են: «Այսօր ժողովուրդն այլևս չի հավատում կուսակցություններին, դրա համար արդեն փակում են ճանապարհները: Եթե զոհված զինվորի դին հասներ Երևան, «արաբական գարնան» նման ապստամբություն կլիներ Հայաստանում», - ասաց նա:
Իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «հասկանալի մեսիջ էր» հասարակությանը և միջազգային կառույցների: «Մեզ մոտ կան կուսակցություններ, որոնք ընտրակաշառք են բաժանում, որևէ արդար ընտրություն Հայաստանում չի լինելու»:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնելը նա բացատրեց «ժողովրդի ձայնի պահպանման անհրաժեշտությամբ: «Ես չեմ ափսոսում, որ սատարել եմ Հովհաննիսյանին, քանի որ դա ուղղված էր ժողովրդի ձայների պահպանմանը», - հավելեց Ա.Ղուկասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում