Գազի գնի շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ շարունակվում են. Տիգրան Սարգսյան
«Ո՞վ է բռնել կառավարության ձեռքը, որ իրանական գազը բերենք Հայաստան, աբսուրդ չե՞ք համարում, որ գազային մենաշնորհի պատճառով այս վիճակում ենք հայտնվել», -այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը այս հարցով դիմեց վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Երբեմն թվում է, թե այնքան հեշտ է գազ մատակարարող երկրների հետ պայմանավորվել ու գազ մատակարարել Հայաստան: Ասեմ, որ աշխարհում որևէ երկրի համար հեշտ չէ, բազմաթիվ լուծումներ է պարունակում: Այսօր Հայաստանը օգտագործում է իր բոլոր լծակները, որ Հայաստան մատակակարվող գազի գինը լինի ցածր` սկսած Իրանի և և մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ բանակցություններով:
Այսօր քաղաքական ամենաբարձր մակարդակով բանակցություններ են շարունակվում Ռուսաստանում, որի նպատակն է այնպիսի լուծումներ գտնել, որոնք թույլ կտան նվազեցնել կամ սուբսիդավորել գինը: Նվազեցման մեխանիզմները կներկայացնենք Ձեր դատին, երբ պայմանագիրը կստորագրենք Ռուսաստանի հետ»:
Վարչապետը նաև ասաց, որ իրենք «ձեռքները ծալած» չեն նստել և դրա արդյունքում գազի գները մատակարարներին չեն փոխվել: